Play Video
5. Քաղաքական գաղափարախոսություններ | Մանվել Սարգսյան

Քաղաքական գաղափարախոսությունները կարիք ունեն խորը ուսումնասիրություն: Այսօր էլ մնացել են բազմաթիվ հարցեր՝ արդյո՞ք կա ազգային գաղափարախոսություն, ժամկետա՞նց
են արդյոք «իզմ-երը» և այլն:

18-րդ դարում առաջին իրավական պետությունների առաջացումը բերեց լիբերալ գաղափարախոսության ստեղծմանը: Այն հարատևում է առայսօր, սակայն լիբերալ գաղափարներին այլընտրանք դարձան մի շարք այլ մոտեցումներ: Լիբերալիզմի առանցքային գաղափարը ազատ մրցակցության հիման վրա կառուցված տնտեսությունն էր, որը բերելու էր առաջընթացի, որն իր հերթին ի վերջո կբերի համընդհանուր բարեկեցություն և արդար հասարակություն:

Լիբերալիզմի առաջին վիճարկողները նախկին հասարակարգի կողմնակիցներն էին՝ կոնսերվատորները, պահպանողականները: Կոնսերվատորների հիմնական մտահոգությունն էր մարդու իրավունքների չափազանց ազատականացումն էր. մարդկանց անհավասարությունը, պատմական հասարակարգը հարգանքի է արժանի և ենթակա է ոչ թե խախտման, այլ էվոլյուցիոն զարգացման: Առանձին խնդիր էր նաև մարդու կյանքի իմաստը. եկեղեցին, օտարվելով պետությունից, զրկվեց մարդուն կյանքի իմաստ հաղորդելու «մենաշնորհից», և դրա ընտրության պատասխանատվությունն այժմ ընկնում էր անհատի ուսերին:

Առաջին լիբերալները փորձ կատարեցին այս խնդիրներն առհասարակ հանել հասարակության օրակարգից. մշակութային վեճերը թողնելով հասարակությանը՝ լիբերալիզմը հաստատում էր հասարակության «սրբության սրբոցը»՝ սեփականության իրավունքն ու ազատ մրցակցությունը: Կոնսերվատորները, վիճելով այս սկզբունքների հետ, թերևս, իրենց վրա չէին վերցնում պետականաստեղծ դեր և փորձում էին ներազդել լիբերալ պետության քաղաքականության վրա:

Մյուս կարևոր գաղափարը սոցիալիզմն էր, որը պնդում էր, որ հավասար պայմանները չեն կարող բերել հավասար արդյունքի, և փոխարենը բերելու են բևեռացման: Ըստ սոցիալիստների, պետությունը պիտի իրավունք ունենար վերաբաշխելու աշխատանքի արդյունքը: Սոցիալիզմի տարբեր ուղղություններից ամենակայունը 19-րդ դարում ձևավորված սոցիալ-դեմոկրատիան, որը չէր առաջարկում պետական նոր կարգ, սակայն առաջարկում էր սոցիալական քաղաքականություն՝ պրոգրեսիվ հարկի միջոցով: Սակայն, այս մոտեցումը ուներ հիմնական երկու ռիսկ՝ կորուպցիա և բյուրոկրատիա:

Դիտեք նաև՝

Search