Play Video
12. Կուսակցություններ և ազատ ընտրությունների բացակայություն | Մանվել Սարգսյան

Հայաստանում 1990-ականներից առաջին կուսակցությունների գործունեությունը ընկալվում էր որպես յուրատեսակ նախընտրական գործունեություն: Երբ 1996թ. առաջին իսկ կուսակցական դաշինքն առաջ քաշեց իշխանափոխության խնդիրը՝ դրա անհրաժեշտությունը հիմնավորելով իշխանության հանցավորությամբ, կուսակցությունների միջև տարբերությունները մղվեցին երկրորդ պլան՝ ընդգծելով առաջնային խնդրի գերակայությունը:

1995-96թթ. պարզ դարձավ, որ Հայաստանում ազատ ընտրությունները հնարավոր չեն, և այդ պայմաններում հնարավոր չէր կուսակցությունների բնականոն աշխատանքը. ըստ էության, ազատ ընտրությունների բացակայության պայմաններում կուսակցությունը՝ որպես երևույթ, կորցնում էր հիմնական իմաստը: Հետագա տարիներին բազմաթիվ կուսակցություններ ստեղծվում էին արդեն նոր նպատակով՝ ծառայելու գործող ռեժիմներին, զբաղեցնելու քաղաքական դաշտում իրական ընդդիմության տեղը՝ այն փոխարինելով օլիգարխիկ կազմակերպություններով, ինչպես եղավ 2008թ. ընտրություններին ընդառաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության ստեղծման դեպքում:

2011-12թթ. քաղաքացիական շարժումների ակտիվացումը որոշ չափով կապված է կուսակցությունների հանդեպ անվստահության աննախադեպ անկումով: Մաշտոցի պուրակի շարժումից հետո հետաքրքիր մի միտում ձևավորվեց. կուսակցությունները սկսեցին մեղադրել քաղաքացիական շարժումներին ռեժիմը սպասարկելու կամ ռեժիմի կողմից ստեղծված լինելու մեջ: Քաղաքացիական նախաձեռնությունների պատասխան հայտարարություններում հայտնվեց այն պնդումը, որ այդ շարժումները քաղաքական չեն իրենց բնույթով, սակայն, այդ ժամանակ դեռ ակնհայտ չէր, որ Հայաստանում նոր սերնդի քաղաքականություն է ձևավորվում:

Կուսակցական դաշինքների գործունեությունը տասնամյակներ շարունակ կարծես հստակ ալգորիթմով շարժվեր. ընտրություններին ընդառաջ ստեղծվում էր դաշինքը, պարտվում էր ընտրություններում, դիմում էր ԿԸՀ, այնուհետև՝ Սահմանադրական դատարան, այնուհետև հեռանում: Կրկնվող այս սցենարը հարց էր առաջացնում՝ ո՞րն է, առհասարակ, ընտրություններին մասնակցելու իմաստը: Այդ գիտակցման ներքո սկսեցին ձևավորվել երկու հիմնական գաղափար՝ խաղաղ անհնազանդության և իշխանությունից զենքով ազատվելու:

Դիտեք նաև՝

Search