Play Video
20. Ազգային ռազմավարություններ | Մանվել Սարգսյան

Որոշակի խնդիրներ քննարկելիս հաճախ ընդգծվում է գաղափարախոսության ու ռազմավարության (մասնավորապես ազգային) բացակայությունը: Այս պատճառով որոշ խնդիրների լուծում հետաձգվել է տասնամյակներով ու հարյուրամյակներով, օրինակ պետության կառուցումը:

Մինչ այս հարցերի պատասխանները փնտրելը պետք է վերադառնալ մակրոէվոլյուցիային: Մակրոէվոլյուցիան այն արդյունքն է, որը տարբեր ժամանակաշրջաններում անընդհատ ունենում ենք ցանկացած սոցիոքաղաքական, սոցիոմշակութային սուբյեկտների բախումներից: Պարտադիր չէ, որպեսզի սուբյեկտը պետականորեն կազմակերպված լինի. այդ էվոլյուցիոն պրոցեսը, բախումները, հարաբերությունները շատ ավելի խորքային են: Այս գործընթացի մեջ անընդհատ զարգանում էր մարդկային քաղաքակրթությունը, սակայն դա չի նշանակում, որ առանձին սուբյեկտներ նույնպես այդ զարգացման մեջ էին իրար հաշվին: Որոշ սուբյեկտներ, մշակույթներ ոչնչանում էին, բայց անընդհատ զարգացում էր գնում: Կարևոր է դիտարկել սա, եթե ուզում ենք հասկանալ՝ այս կամ այն սուբյեկտներ իրականության մեջ ինչպես էին գոյատևում այս էվոլյուցիայի մեջ: Այստեղ լավագույն օրինակներից մեկը քրիստոնեությունն է, դրա ծագումն ու քրիստոնեական քաղաքակրթության հաստատումը: Սա պարզորեն ցույց է տալիս՝ ինչ է կատարվում միլիոնավոր մարդկանց հետ:
Քրիստոնեության ի հայտ գալու ժամանակ գոյություն ուներ Հռոմեական կայսրությունը, որն իր հզոր ազդեցությունն էր թողնում ամբողջ աշխարհի վրա՝ իր հստակ ստանդարտներով, մշակույթով (այդ թվում քաղաքական), բայց ինչ-որ տեղ քաղաքական գաղափար է ծնվում, որը տարածվում ու վարակում է ամբողջ կայսրությունը: Փոխվել է մշակույթ ու մտածողություն, ինչն իր հերթին բերեց քաղաքական մշակույթի փոփոխությանը: Մայրաքաղաքը տեղափոխվեց արևելք՝ Կոստանդնուպոլիս, ստեղծվեց ամբողջությամբ այլ քրիստոնեական պետություն:


Մեր օրերում նույնպես նման գործընթանցեր են տեղի ունենում: Որո՞նք են այսօրվա սուբյեկտները. 18-րդ դարից ի վեր դրանք ազգ-պետություններն են: Այնուամենայնիվ, գոյություն ունեն ժողովուրդներ, որոնք քաղաքականապես կազմակերպված չեն ու չունեն պետություններ:
Այսօր պարզ ու հստակ զգացվում է, որ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում. փոփոխվում են սահմաններ, պետությունները տարբեր ստատուսներ են ստանում և այլն:


Գոյություն ունեն ուսումնասիրություններ «մեգապոլիսների հարաբերությունների» վերաբերյալ. ոչ թե պետություններն են տնտեսական հարաբերություններ հաստատում իրար միջև, այլ մեգապոլիսներն են համագործակցում իրար հետ՝ անտեսելով իրենց երկրներն ու մնացած աշխարհը: Եվ հակառակը՝ որոշ տեղերում շատ փոքր սուբյեկտներ, որտեղ առավելագույնը մեկ միլիոն մարդ է բնակվում, հանկարծակի ահռելի դեր են ստանձնում այդ մեգապոլիսների հարաբերություններում: Նրանք ստեղծում են նոր որակի ծառայություններ, որոնք անմիջապես առաջացնում են մեգապոլիսների հետաքրքրությունն ու սկսում սպասարկել նրանց կարևորագույն շահերը՝ հարստությամբ հավասարվելով այդ մեգապոլիսներին: Հետևաբար միշտ հարց է ծագում՝ պետություննե՞րն են ավելի հզոր, թե՞ միջազգային կորպորացիաները:


Փոքր պետությունները եզակի ռեսուրսների շնորհիվ հավասարվում են մեգապոլիսներին՝ առաջարկելով այնպիսի սպասարկումներ, որոնք հնարավոր չէ գտնել այլ տեղ: Սա առավել մեծ նշանակություն ունի 21-րդ դարում. այս միտումները չհասկանալը և ռազմավարություն չունենալը բերեց մի շարք մեծ պետություններ ձախողման:

Դիտեք նաև՝

Search