Play Video

Իշխանությունը Հաննա Արենդթի համար ոչ միայն պարզապես գործելու կարողություն է, այլ գործելու կարողություն է միասին: Այսինքն իշխանությունը միշտ և բոլոր դեպքերում ենթադրում է բազմաթիվների գոյությունը, այսինքն՝ անհատների միավորումը, և քաղաքական իշխանությունը սկզբնավորվում է հենց անհատների միջև եղած հարաբերությունների մեջ: Անհատներն են որևէ մեկին լիազորում գործել իրենց անունից և քանի դեռ չկա այդ լիազորումը անհատների կողմից, քաղաքական իշխանության մասին խոսել հնարավոր չէ, հետևաբար հնարավոր չէ նաև խոսել մարդկային համակեցության գոյության մասին:

Արենդթը պնդում է, որ բռնությունն ամենևին չի կարող բնորոշ լինել մարդկային համակեցություններին: Այս դրույթով նա փորձում է դեմ գնալ բոլոր այն տեսություններին և ուսմունքներին, որոնք փորձում էին բռնության գոյությունը ինչ-որ չափով լեգիտիմացնել, իսկ լեգիտիմացումը հիմնականում մարդաբանական հիմնավորում է ունեցել. բռնությունը տրված է մարդուն բնությամբ, և բռնությունն այն է, ինչ բնութագրում է մարդուն իր կենդանական տեսանկյունից, ստացվում է մարդու կողմից կիրառվող բռնությունը կարելի է արդարացնել որպես նրա սեփական բնազդների դրսևորում: Արենդթի համար իշխանությունն ու բռնությունը մշակույթի և սոցիալական պատմության հետևանք են, բնության և բնականության հետ ոչ մի առնչություն չունեն:

Հարց է առաջանում, թե ինչու է մարդկանց իրենց համատեղ կյանքում անհրաժեշտ հեղինակությունների գոյությունը: Հեղինակությունները մարդկային համակեցությունը բնութագրող երկու կարևոր գիծ ունեն: Մի կողմից հեղինակությունը միշտ ենթադրում է որոշակի աստիճանակարգություն, հեղինակությունը այն է, ինչ գտնվում է կարծես այստեղից ու հիմայից այն կողմ, այն, ինչ կայուն է ու անփոփոխ, իսկ մարդու հիմնական հոգսերից ու վախերից մեկը մահկանացու լինելն է՝ փոփոխականությունը: Եվ եթե երբևէ հեղինակություն չի էլ եղել, ապա մարդկությունն անպայման հեղինակություն կստեղծեր, որպեսզի կարողանար որոշակիորեն երաշխավորել իր սեփական գոյությունը և առավել ևս՝ մարդկային համակեցությունը:

Գրականության ցանկ

1. Arendt Hannah, On Violence, New York, 1970.

2. Arendt Hannah, What is Authority? In: Between Past and Future. Six Exercises in Political Thought, New York, 1961.

Դիտեք նաև՝

Search