Play Video

Տոտալիտարիզմի մասին գաղափարը ձևավորվել է 20-րդ դարում՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մինչ այդ ամենաքննադատված ռեժիմն էր բռնապետությունը: Դեռևս Պլատոնի և Արիստոտելի մոտ կարելի էր հանդիպել բռնապետության՝ իբրև վատ քաղաքական կարգի բնորոշման, նույնը հանդիպում ենք 18-րդ դարում՝ Ժան-Ժակ Ռուսսոյի սոցիալական պայմանագրի մասին ուսմունքում: Նրանց համար բռնապետությունը նույնանում էր մի վարչակարգի հետ, որտեղ ազատ է մեկը՝ բռնակալը, իսկ մյուսները նրա ստրուկներն են կամ անազատներ:

Բռնապետության և տոտալիտարիզմի միջև գոյություն ունեն էական տարբերություններ: Ամբողջատիրության ձևավորման նախադրյալները պետք է փնտրել 19-րդ դարում՝ սկսված արևմտյան հասարակությունների արդյունաբերականացումից և առաջին համաշխարհային պատերազմից ու նրա թողած հետևանքներից: Հաննա Արենդտը շեշտում էր, որ պետք է տարբերել ամբողջատիրական շարժումը ամբողջատիրական վարչակարգից կամ կառավարումից: Ոչ բոլոր ամբողջատիրական շարժումներն են վերածվել ամբողջատիրական վարչակարգերի: Պատմությանը մինչ այժմ հայտնի են երկու վարչակարգ.
1) 1933թ. Հիտլերի և նրա կուսակցության իշխանության գալով մինչև 1945թ. տևած նացիստական Գերմանիան:
2) 1929թ. Ստալինի իշխանության գալով և մինչև 1953-56թթ. տևած խորհրդային տոտալիտարիզմը:

Պատմական մի շատ ուշագրավ փաստ կա. 1913թ. հունվարին երեք երիտասարդ միաժամանակ ապրել են Վիեննայում: Մեկը Վիեննայի հանրակացարանի իր փոքրիկ սենյակում Վիեննայի սբ. Օգոստինոս եկեղեցու՝ ջրաներկով նկարած իր նկարները վաճառելով՝ գոյությունն էր պահպանում, քանի որ ձախողել էր արվեստների ակադեմիայի ընդունելության քննությունները: Երկրորդն իր կյանքում առաջին, և, ըստ էության, վերջին անգամ (Բացի Թեհրան գնալուց) Ռուսաստանը չորս շաբաթով լքած մի երիտասարդ էր, ով Վիեննայում մնալու ընթացքում գրում է իր հայտնի «Մարքսիզմը և ազգային հարցը» հոդվածը: Երրորդը մեծ սեր ուներ ավտոմեքենաների նկատմամբ, եղել է մրցարշավի վարորդ, և հայտնի է Վիեննայի մի ծայրից մյուսը ավտոմեքենա վարելով: Առաջին երիտասարդը Հիտլերն էր, երկրորդը՝ Ստալինը, երրորդը՝ ապագա Հարավսլավիայի առաջնորդ Տիտոն:

Գրականության ցանկ

1. Arendt Hannah, The Origins of Totalitarianism, San Diego, 1979.

2. Linz Juan, Totalitarian and Authoritarian Regimes, London, 2000.

3. Политилогия: учеб./ Мельвиль и др., М., 2008.

4. Арон Раймон, Демократия и тоталитаризм, http://www.e-reading.me/book.php?book=89783

Դիտեք նաև՝

Search