Նորմա լատիներենից թարգմանաբար նախնական և ուղիղ իմաստով նշանակել է ատաղձագործի գործիք: Պարզվում է, որ կա մի գործիք, որտեղ 90 աստիճան անկյան տակ միացած են երկու քանոն, և այդ քանոնը անհրաժեշտ է ատաղձագործին քառակուսի մետրերը չափելու համար, այսինքն կանոնի և չափօրինակի գաղափարը, որը կապ ունի նորմայի մեր ըմբռնման հետ, այլաբանորեն փոխակերպվել է հենց նրա նախնական իմաստից:
Նորմատիվի իմաստը, այսինքն այն, ինչ պարտադիր պետք է պահանջի, որոշ իմաստով հորդորի, մուտք է գործել ֆրանսերենից 19-րդ դարում և ընդգրկել է երեք ոլորտ: Դրանք են էթիկա (որտեղ գործ ունենք բարու և չարի հետ), էսթետիկա (որտեղ գործ ունենք գեղեցիկի և տգեղի հետ) և էպիստեմոլոգիա (որտեղ գործ ունենք ճշմարտության և սխալի կամ մոլորության հետ):
Երբ ճշմարիտը տարանջատվում է գեղեցիկից, գեղեցիկը՝ բարուց, ապա հետևանքները կարող են միայն աղետալի լինել և այդ հետևանքները վերաբերում են հատկապես քաղաքականությանը:
Պլատոնն ու Արիստոտելը իրենց ուսմունքներում հիմնական հարցը տեսել են, թե որն է լավագույն քաղաքական կարգը: Ըստ նրանց՝ այդ լավագույն քաղաքական կարգը էականորեն տարբերվում էր վատ քաղաքական կարգերից: Պլատոնն, օրինակ, առանձնացնում էր չորս վատ քաղաքական կարգ՝ թիմոկրատիա (որտեղ տիրում է մրցակցության հոգին), օլիգարխիա (մեծահարուստների իշխանությունը), բռնապետություն և ժողովրդավարություն: Պլատոնի համար իդեալական պետությունը արիստոկրատականն էր, որտեղ իշխում են լավագույնները, որոնց շարքը, բնականաբար, լրացնում են փիլիսոփաները:
Երբ մարդու՝ ինչպես պետք է լինի ձգտումների և աշխարհի իրական ընթացքի միջև անհամաձայնություն է առաջանում, ապա այս զարմանքից է ծնվում անհրաժեշտությունը ճանաչել աշխարհը, որպեսզի փոխել այդ աշխարհը: