Play Video

Եթե Հաննա Արենդտը փորձում էր իշխանության և բռնության  մասին իր պատկերացումները դուրս բերել, սակայն անմիջականորեն ցույց չտալ, որ դրանք պայմանավորված են իր ժամանակի քաղաքական պատմական իրադարձություններով, ապա Ֆուկոն սիրում է ընդգծել, որ իշխանության վերաբերյալ իր մտորումները ուղղակիորեն կապված են ժամանակի հետ և իր խնդիրը, ըստ էության, ցույց տալն է որոշակի տիպի իշխանության սկզբնավորման և նրա փոփոխության պատմությունը: Ֆուկոն չի զլանում խոսել իշխանության ձևերի փոփոխության և դրանց պատմականության մասին, այնինչ նրան նախորդող գրեթե բոլոր տեսաբանները իշխանության վերաբերյալ փորձել են ստեղծել վերպատմական մտային կառույցներ իշխանության մասին:

Ֆուկոյի նպատակը իշխանության վերաբերյալ քաղաքական տեսաբանության մեջ նոր օրակարգ ձևավորելն է, և սա է նրա նորամուծությունը: Այն, ինչ հետաքրքրում է Ֆուկոյին, արդի արևմտյան հասարակություններն են, որոնք ձևավորվել են 18-րդ դարում, և այն, ինչին ուղղված է նրա անուղղակի քննադատությունը, իշխանության էկոնոմիստական կամ տնտեսակենտրոն պատկերացումներն են, որոնք նա մի կողմից՝ վերագրում է մարքսիզմին (մարքսիզմը առաջնային էր հայտարարում բազիսը և վերնաշենքը՝ երկրորդային կամ այն, ինչ պայմանավորված է բազիսով), մյուս կողմից՝ սոցիալական պայմանագրի տեսաբաններին: Նա պնդում էր, որ ուշադրություն դարձնելու դեպքում կարելի է նկատել, որ սոցիալական պայմանագրի տեսաբանները իշխանությունը հասկանում են իբրև ապրանք: Մի բան, ինչ կարելի է ունենալ, ինչից կարելի է հրաժարվել որևէ մեկի օգտին, կարելի է հրաժարվել մասամբ կամ ամբողջովին, ստացվում է՝ այն է, ինչ մենք կարող ենք պայմանագրով փոխանցել:

Նա փորձում է իշխանությունը վերաիմաստավորել այնպես, որպեսզի ազատագրվել այս տնտեսակենտրոնությունից: Այդ ազատագրման համար Ֆուկոն առաջարկում էր երկու հիպոթեզ.
1. Իշխանության դեպքում ոչ թե հարց պետք է տալ, թե ինչ է կամ որտեղից է, ինչպես է սերում, այլ ավելի շատ պետք է հարց տալ, թե ինչպես է այն գործադրվում, այլ կերպ ասած՝ իշխանությունը պետք է ընկալել իբրև մեխանիզմների մի հավաքակազմ, որով իրականացնում են բռնաճնշում, որի օբյեկտը, Ֆուկոյի համոզմամբ, կարող են լինել և՛ բնազդները, և՛ դասակարգը, և՛ խումբը, և՛ անհատի մարմինը:
2. Իշխանությունը պատերազմ է: 

Գրել խաղաղության պատմություն, նշանակում է գրել պատերազմի պատմություն, այսինքն ուժերի անհավասարակշռությունն ու ուժերի միջև պայքարը շարունակվում է լեզվի մեջ, ինստիտուտներում, տնտեսական անհավասարությունների մեջ, այսինքն այն է, ինչ աշխատում է պարբերաբար և անընդհատ:

1975-76թթ. կարդացած դասախոսություններից մեկում Ֆուկոն պնդում է, որ իրեն չի հետաքրքրում իշխանությունը՝ իբրև մի երևույթ, որը գործում է իր կենտրոնական մեխանիզմների օգնությամբ, իր ընդհանուր մեխանիզմների օգնությամբ, որևէ տեղից, այլ իրեն հետաքրքրում է իշխանությունն իր ծայրահեղ, վերջնական դրսևորումներում, թե ինչպես է այն ինքն իրեն հաստատում ժեստերում, լեզվի մեջ, մարմնում, սրանով ստացվում է, որ Ֆուկոն փորձում է ցույց տալ, որ քաղաքական իշխանությունը փորձում է ազդել սուբյեկտի ձևավորման վրա, և սա է նրա կենսաիշխանության գաղափարի հիմնական մեխը, որով կարելի է բացատրել պայքարի կամ խտրականության բոլոր այն դրսևորումները, որոնք Ֆուկոյից հետո սկսեցին բացահայտվել՝ գենդերային հարաբերություններում, ծնողների և երեխաների հարաբերություններում, դասակարգային և այլն:

Գրականության ցանկ

1. Foucault Michel, Power/ Knowledge: Selected Interviews and Other Writings, 1972-177, New York, 1980.

2. Foucault Michel, The Subject and Power, http://foucault.info/documents/foucault.power.en.html

Դիտեք նաև՝

Search