Play Video

Ցանկացած եզրույթ տարբեր բնորոշումներ ունի, և դժվար է միանշանակ ասել, որ գիտական, փորձագիտական, առավել ևս՝ ռազմագիտական շրջանակներում կա ընդունված մեկ մոտեցում, թե ինչ է ռազմական անվտանգությունը։ Սակայն ի մի բերելով առկա եզրույթները՝ կարելի է ասել, որ ռազմական անվտանգությունը պետության ունակությունն է պաշտպանել իրեն ռազմական սպառնալիքներից և միևնույն ժամանակ պետության հնարավորությունն է ռազմական ուժի կիրառմամբ կամ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով հասնելու թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրների լուծմանը։

Ռազմական անվտանգության մասին որոշակի պատկերացումներ ձևավորվել են դեռևս հազարամյակներ առաջ․ ցավոք, առաջին ցեղային միավորումների ստեղծումից ի վեր պատերազմները մշտապես ուղեկցել են մարդկությանը։ Արդեն ավելի նոր դարաշրջանում՝ 17-18-րդ դարերում, ռազմական անվտանգությունը հիմնականում ընկալվում էր որպես պատերազմ վարելու արվեստ։ Ընդ որում, շեշտը դրվում էր հենց ռազմական կոմպոնենտի, այսինքն՝ բանակի հնարավորությունների վրա։

Սակայն առաջին և երկրորդ աշխարհամարտերի փորձը ցույց տվեց, որ չի կարելի ռազմական անվտանգությունն ուղղակիորեն կապել միայն բանակի հետ, քանի որ վերջին հաշվով զինված ուժերի ունակությունները ևս պայմանավորված են տարբեր խնդիրներով՝ բնակչության թվաքանակից մինչև պետության տնտեսական հնարավորություններ։ Հետևաբար 1945 թվականից հետո ռազմական անվտանգության շուրջ քննարկումներում ավելի ու ավելի մեծ դեր է հատկացվում ընդհանուր անվտանգությանը և պետության համապարփակ ներուժին՝ ներառելով նաև տնտեսական և դիվանագիտական ներուժը։

Դիտեք նաև՝

Search