17-18դդ. եվրոպական փիլիսոփայության մեջ ծնվեց նոր մի գաղափար՝ հավատն առ այն, որ բոլոր մարդիկ հավասար են, և որ անձի ազատությունն է գերագույն արժեքը և համակեցության հիմքը: Միապետական համակարգի հանդեպ հավատի կորուստը բերեց իշխանության գաղափարական սուբստանցիայի կորստին. եթե բոլորը հավասար են, իշխանությունը պատկանում է ժողովրդին:
18-րդ դարում առաջին հանրապետությունների՝ ԱՄՆ և Ֆրանսիայի ձևավորումից հետո 19-րդ դարի ողջ ընթացքում փորձեր արվեցին կանոնավորել և իմաստավորել թե՛ կառավարման նոր ձևերի, թե՛ անձի անհատական ազատության հղացքները: Ազատության գաղափարը հանգեցվեց իրավունքին. մարդն իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինչպես է վերաբերվում այլ մարդկանց: Սա հակասում էր միապետական համակարգերում նախկինում գործող սկզբունքին. միապետն էր որոշում մարդու պարտականությունները, իսկ իրավունքներ չուներ առհասարակ ոչ ոք: Այժմ մարդուն ամրագրվեցին երեք հիմնարար իրավունքներ՝ կյանքի, ազատության և սեփականության: Զուգահեռաբար եկեղեցին անջատվեց պետությունից, և դրա քաղաքական գործառույթն այլևս դրան չի պատկանում:
Եթե բոլորը հավասար են, գործում է պետության պայմանագրային`սահմանադրական սկզբունք: Քաղաքացիները համաձայնության են գալիս օրենքի գերակայության շուրջ, սահմանում է հստակ և պրակտիկ նորմեր, գաղափարախոսություն՝ դեմոկրատիա: Ժողովրդավարական նորմերը ստեղծելու համար ընտրության միջոցով ձևավորվում է պարլամենտ, որի որոշումներն ուսումնասիրելու ու վերլուծելու համար հաստատվում է մի այլ մարմին՝ դատական համակարգ: Դատական համակարգի որոշումները կանոնակարգելու համար ստեղծվեց նախագահի ինստիտուտը. նախագահը ընտրվում էր և օժտվում էր ներքին զորքով՝ ոստիկանությամբ: Պետությունն արտաքին վտանգներից պաշտպանվում է բանակով, որը գործում է հարկերի շնորհիվ: Հարկերն ապահովում են նաև պետական կառավարիչների գործունեությունը: Պարլամենտի և կառավարության միջև հակասությունները լուծելու համար ստեղծվում է սահմանադրական դատարանը: