Play Video
Ինքնություն, իշխանություն, հեղափոխություն | Հրանտ Տեր-Աբրահամյան

Բառերն ու հասկացությունները սովորություն ունեն հնանալու, մաշվելու՝ վերածվելով «ծիսական» երևույթների: Անկախության նկատմամբ ծիսական այդ վերաբերմունքի ամենախորհրդանշային դրսևորումը «անկախությունը բացարձակ արժեք է» արտահայտությունն է: Այս արտահայտությունը շատ պարզ է իր կենցաղային իմաստով, սակայն իր մեջ պարունակում է տրամաբանական և գործնական խնդիր:
Բացարձակի հասկացությունը բնույթով ոչ թե քաղաքական է, այլ կրոնական և փիլիսոփայական՝ պլատոնական ավանդույթից բխող, և ուստի այն չունի և չի կարող ունենալ պոզիտիվ բովանդակություն, ապոֆատիկ է, նեգատիվ: Բացարձակությանը չի կարող վերագրվել որևէ հատկանիշ, քանի որ այն դադարում է բացարձակ լինել: Ուստի խնդրահարույց է քաղաքական անկախությունը բացարձակ համարելը, քանի որ այն դուրս է գալիս գործնական դաշտից, դադարում է լինել միջոց և դառնում ինքնանպատակ: Ինչի՞ն պիտի ծառայի անկախությունը, եթե այն բացարձակ է, չունի բովանդակություն, չի կարող միջոց լինել, և ըստ էության վերածվում է ծիսական երևույթի:

Անկախությունն անհրաժեշտ է սահմանել որպես ոչ թե բացարձակ, այլ պոզիտիվ արժեք, որն ունի բովանդակություն, կենսական է, ծառայում է մարդկանց առօրյային: Անկախությունն ունի երկու կողմ՝ արտաքին և ներքին, և երկու առում՝ ձևական և բովանդակային: Անկախության արտաքին ձևական կողմն այն է, ինչը սովորաբար հասկանում ենք «անկախություն» ասելով՝ իրավական ձևակերպմամբ: Արտաքին բովանդակային կողմից անկախությունը դիտարկելու համար պետք է դուրս գալ ազգային պատմությունների նեղ շրջանակներից և հասկանալ, որ համաշխարհային պատմության սուբյեկտները ոչ այնքան ազգային պատմություններն են, որքան միջազգային համակարգերի պատմությունները, և յուրաքանչյուր երկրի անկախություն ձևավորվում է համակարգի մեջ ներգծված:

Անկախության ներքին ձևական կողմը երկրի Սահմանադրությունն է, իսկ ներքին բովանդակային կողմն այս քննարկման ամենակարևոր խնդիրն է:

Դիտեք նաև՝

Search