Play Video

Ի՞նչ է ԵԱՏՄ-ն որպես քաղաքական միավոր։ ԵԱՏՄ-ն տնտեսաքաղաքական կազմակերպություն է, որը չունի ռազմական կամ անվտանգության որևէ բաղադրիչ։ Այս պահին այն նոր ձևավորվող ընդհանուր շուկա է․ շուկաների չորս բաղադրիչներից՝ կապիտալի, աշխատուժի, ծառայությունների և ապրանքների ազատ տեղաշարժի ոչ բոլոր բաղադրիչներն են լիարժեք զարգացած, բայց լիարժեք կայացած է կառույցի մաքսային միությունը։ Այսինքն, պետությունները պարտավորվել են կորդինացնել իրենց մաքսային քաղաքականությունը երրորդ պետությունների նկատմամբ։

Բացի դրանից, կա կառույցի ներսում միասնական արժութային միավոր ունենալու գաղափար, որը, ինչպես, օրինակ, Եվրոպական միությունում, կարող է լինել որևէ նոր արժութային միավոր։ Առաջարկվում է «եվրազ» կամ «ալթըն» անվանումով արժութային միավոր։ Այդուհանդերձ, այս պահի դրությամբ կա նոր ձևավորվող ընդհանուր շուկա և մաքսային միություն։ Սա, բնականաբար, անդամ պետությունների համար որոշակի սահմանափակում է, բայց նաև հնարավորություն՝ համագործակցության ինտենսիվացման տեսանկյունից։

Այս պահի դրությամբ ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ պետություն, որոնցից երեքը, կարելի է ասել, հիմնադիր պետություններն են (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս), այնուհետև կառույցին անդամակցել են Հայաստանը և Ղրղզստանը։ ԵԱՏՄ-ին անդամակցելու թեկնածու այլ երկրներ դեռևս չկան, սակայն պետք է նշել նար, որ ԵԱՏՄ-ն վերջին երկու-երեք տարվա ընթացքում՝ հատկապես Հայաստանի նախագահության շրջանում, որոշակի քայլեր է արել արտաքին աշխարհի հետ իր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ 

Որտե՞ղ են կայացվում այն որոշումները, որոնք ունեն առանցքային նշանակություն ԵԱՏՄ-ի համար։ Առաջինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն է, որն անդամ պետությունների բարձրագույն ղեկավար մարմինն է։ Սա ռազմավարական նշանակություն ունեցող մարմին է, որտեղ որոշումներ ընդունում են կոնսենսուսով, այսինքն բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։ Մյուս մարմինը կոչվում է Միջկառավարական խորհուրդ, որը կազմված է կառավարությունների ղեկավարներից։ Այստեղ իրականացվում են նախորդ՝ Բարձրագույն խորհրդում ընդունված որոշումները։ Կա նաև տեխնիկական մի մարմին (Եվրասիական տնտեսական հանձնաժողով), որը վերպետական նշանակություն և կարգավիճակ ունի, սակայն իրականում այս մարմնի անդամները ևս նշանակվում կամ ուղարկվում են անդամ պետությունների կողմից։

Դիտեք նաև՝

Search