Play Video

Կարելի է առանձնացնել ինքնիշխանության երեք մոդել՝ ազգային, պետական և ժողովրդական: Ազգային ինքնիշխանության հանգամանքը շատ կարևոր է և բավականաչափ հայտնի. սա ազգի ինքնորոշման իրավունքն է, ուրիշների հետ հարաբերություններ կառուցելու ձևը: Այստեղ հարց է առաջանում, թե որքանով կարող է տվյալ երկիրն ինքնիշխան համարվել ուրիշի համեմատ, ինչքան կարող է իր ինքնիշխանության չափը փոխանցել, օրինակ, վերազգային մարմիններին, և այլն: Պետական ու ժողովրդական ինքնիշխանության մասին խոսելիս կարելի է մոտենալ խնդրին երեք տարբեր փուլերով: Առաջին փուլն այն է, թե ինչպես է ղեկավարի, իշխանի, թագավորի ինքնիշխանությունը դառնում ժողովրդի ինքնիշխանություն: Երկրորդ փուլն այն է, թե դրանից հետո ինչ քննադատության են ենթարկում այդ կոնցեպտը Ֆրիդրիխ Նիցշեն, Մարտին Հայդեգերը, Կարլ Շմիտտը և այլն: Երրորդ փուլն այս ամենն այսօրվա իրականությունում կիրառելն է: Կոնցեպտն առաջացել է 16-րդ դարում, և այն ժամանակ ինքնիշխանության մասին խոսելիս նկատի են ունեցել սյուզերենի իրավունքը. կա սյուզերեն ու կան վասալներ: Վասալներն ինքնիշխան չեն, իսկ սյուզերենն ինքնիշխան է, այսինքն, իշխում է նրանց վրա: Այս առումով օգտակար է վերջերս Մարկ Նշանեանի կողմից մտցված տարբերակումը, ըստ որի կարելի է տարբերակել գերիշխանությունն ու ինքնիշխանությունը:

Ինչո՞ւ է ընդհանրապես առաջացել գերիշխանությունը: Սա հասկանալու համար պետք է հիշել, որ ինքնիշխանության բոլոր տեսությունները սերտորեն կապված են հասարակական դաշինքի տեսությունների հետ: Վերջինիս մասին պատկերացումը հետևյալն է՝ ժամանակին մարդիկ ապրել են բնական վիճակում, որտեղ բոլորը, կոպիտ ասած, պայքարում են իրար դեմ ու ուտում իրար: Սրա հետևանքով առաջանում է քաոսային իրավիճակ ու մարդիկ հասկանում են, որ այդպես չի կարելի շարունակել: Նրանք գալիս են այն եզրակացության, որ պետք է դաշինք ստեղծել: Պարտադիր չէ, որպեսզի դաշինքը գրված լինի թղթի վրա. կարծես թե կա մի ներքին համաձայնություն, որը կարգավորում է՝ ինչպես վարվել: Ըստ Թոմաս Հոբսի, այդ դաշինքի ստեղծվելու ժամանակ մարդիկ որոշում են, որ պետք է լինի մեկը, ով կկարգավորի այդ ամենը և իշխի հասարակության վրա:

Հետաքրքրական է, որ Թոմաս Հոբսն անվանում է իր գիրքը «Լևիաթան». Լևիաթանը դիցաբանական հրեշ է, այսինքն, պետությունն այն հրեշավոր ուժերի մարմնացումն է, որը կարող է իշխել ամբողջ հասարակությանը: Հոբսը համարում է, որ դաշինքը կայացնելուց հետո, երբ կարգ հաստատելու նպատակով ընտրվում է իշխանը, վերջինս այլևս չի ենթարկվում մարդկանց ու կարող է անել այն, ինչ ճիշտ է համարում, իսկ մարդիկ չեն կարող ապստամբել նրա դեմ: Ժան-Ժակ Ռուսոյի կարծիքով ժողովուրդը միակ ինքնիշխանն է, ժողովուրդն է կազմում այդ հասարակական դաշինքը, որից հետո և որոշում է, որ պետք է լինի կառավարություն: Այստեղ երևում է անցումը սյուզերենի ինքնիշխանությունից (այսինքն գերիշխանությունից) դեպի ժողովրդի ինքնիշխանություն. ժողովուրդը միակ ինքնիշխանն է, և նա իրավունք ունի որոշել, թե ով է իրեն իշխելու: Այս ամենի հիման վրա էլ ժողովուրդը ունի հեղափոխության իրավունք:

Դիտեք նաև՝

Search