2018թ. շարժման հիմնական նպատակն էր Հայաստանում ստեղծված քրեաօլիգարխիկ համակարգը վերացնելը: Սակայն, անգամ մեկուկես տարի անց հեղափոխության հանդեպ որոշակի թերահավատություն գոյություն ունի, որը դրսևորվում է տարբեր դրույթներով՝ «բան չի փոխվել», «Սորոսի միլիարդներն են», «ռեժիմն ինքն է որոշել հեռանա»: Այս թերահավատությունը բխում է կեղծ մի համոզմունքից, որ ժողովուրդը չի կարող ունենալ սեփական քաղաքական ծրագիր, առավել ևս՝ այդ ծրագիրն իրականացնի:
Այս գործընթացներն, իսկապես, բավականին բարդ են: Արդեն մեկ դարից ավել է, ինչ աշխարհի տարբեր երկրներում խաղաղ անհնազանդության փիլիսոփայության վրա հիմնված շարժումները հեռացրել են տարբեր ռեժիմներ: Այն գաղափարը, որ մարդն իրավունք ունի չենթարկվելու կառավարության անարդար որոշումներին, ձևավորվել է դեռևս 19-րդ դարի կեսին և հետագայում պրակտիկայի է վերածվել Մահաթմա Գանդիի կողմից: Այսօր ևս փորձեր են արվում ուսումնասիրելու խաղաղ շարժումների պատմությունը, հաջողություններն ու անհաջողությունները, սակայն երբեմն հանդիպում է սխալ մի մոտեցում՝ ցանկացած տեսակի շարժման մեջ խաղաղ անհնազանդություն տեսնելու: Այնուամենայնիվ, հաջողության հասած խաղաղ շարժումներն ունեն որոշակի ընդհանուր, ունիվերսալ հատկանիշներ, ալգորիթմ, որը բերում է դրանց հաղթանակին:
Այս ալգորիթմն ունի որոշակի բաղադրիչներ: Դրանցից առաջինն է անխոցելի մեղադրանքը, որի վրա չի կասկածում որևէ մեկը: Երկրորդն անխոցելի ուլտիմատումն է: Երրորդը զանգվածային շարժման միջոցով անլուծելի իրավիճակ ստեղծելն է: