Զեկուցումս նվիրված է Խորհրդային Միության ներքին միգրացիոն դինամիկային և դրա ազդեցությանը հետխորհրդային շրջանում՝ Հայաստանից դեպի այլ խորհրդային պետություններ աշխատանքային միգրացիային (ի մասնավորի, դեպի Ռուսաստան և Միջին Ասիայի երկրներ), այդ միգրացիայի շարունակականությանը, Ռուսաստանի հայկական համայնքներին, ինքնության ձևակերպման հարցադրումներին հետխորհրդային հայկական համայնքներում։
Թեման խիստ ծավալուն է։ Այն ավելի սեղմ և բովանդակալից ու դաշտային հետազոտական նյութով համեմված դարձնելու համար, զեկույցի մեջ կանդրադառնամ Ստավրոպոլի երկրամասի հայկական համայնքներին։ Այդ համայնքները և դրանց մերօրյա զարգացումները հետաքրքրական են մի քանի տեսանկյուններից։ Նախ և առաջ, պետք է հաշվի առնել այդ համայնքների ձևավորման և համալրման պատմությունը․ ինչ տարածաշրջաններից և որ պատմական ժամանակաշրջանում են գաղթել հայերը, ինչ միգրացիոն խմբեր են ձևավորվել այդ գաղթերի ընթացքում, ինչպես են ընթացել ինտեգրացիոն գործընթացները ընդունող հասարակություններում: Ապա, պետք է հասկանալ այդ համայնքների ներկա իրավիճակը․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այդ համայնքներում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, ինչ ինստիտուցիաներ (աշխարհիկ և հոգևոր) են գործում այդ համայնքներում, ինչպես է ձևավորվում հայրենիք-սփյուռք կապը, ինչպես են պատմականորեն ձևավորված տարբեր միգրացիոն խմբերը համագործակցում։ Ռուսաստանի հարավի հայկական համայնքները լավագույնս արտացոլում են այն բազմաշերտությունը, որը բնորոշ է հետխորհրդային սփյուռքին։ Այսպիսով, Ստավրոպոլի համայնքները ձևավորվել են 18-րդ դարում Նախիջևանի և Ղարաբաղի վերաբնակների կողմից և զգալիորեն համալրվել են 20-րդ դարի սկզբում Օսմանյան Թուրքիայից փախստականներով։ Միգրացիան դեպի երկրամաս չէր դադարում Խորհրդային Միության գոյության ողջ ընթացքում (հիմնականում Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի հայաբնակ շրջաններից)։ Վերաբնակների նոր խմբեր ժամանեցին Ստավրոպոլ 1988թ․ Ղարաբաղյան հակամարտության սրման hետևանքով (հիմնականում Ադրբեջանից)։ Այսօր էլ միգրացիան դեպի Ստավրոպոլի երկրամաս շարունակվում է։
Զեկուցման մեջ, բացի պատմական անդրադարձից (նաև ԽՍՀՄ տարիների) և վիճակագրական տվյալներից, կներկայացնեմ 2016-2017 թվականներին Ստավրոպոլի երկրամասում կատարված դաշտային հետազոտական աշխատանքի ժամանակ գրի առնված պատմությունները, դիտարկումները և դրանց վերլուծությունը։ Դա թույլ կտա առաջադրված թեմային անդրադառնալ ինչպես միկրոմակարդակի ուսումնասիրության տեսանկյունից, այնպես էլ խնդիրը դուրս բերել ավելի լայն հետազոտության դաշտ՝ հասկանալու համար, թէ ԽՍՀՄ տարիների միգրացիոն դինամիկան ինչպես է ազդել հետխորհրդային Հայաստան-սփյուռք հարաբերությունների ձևավորման վրա։