Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է 1923 թվականին, և շուտով կլրանա հանրապետության հռչակման 100 ամյակը։ Թեև այս հարյուր տարիները բուռն և լեցուն էին բազմաթիվ քաղաքական, սոցիալ-մշակութային իրադարձություններով, անհնար է խոսել Թուրքիայի մասին՝ չանդրադառնալով Օսմանյան կայսրությանը։ Քաղաքական մտայնության, գաղափարախոսությունների, առկա քաղաքական համակարգերի տեսանկյունից Թուրքիայի Հանրապետությունը կրում է իր վրա այն ամենը, ինչ ժամանակին եղել է Օսմանյան կայսրությունում։ Հետաքրքիր է, որ ի տարբերություն այլ երկրների, Թուրքիան սկզբում ունեցավ խորհրդարան, ապա նոր միայն ձևավորվեցին կուսակցությունները։ Երիտթուրքական հեղափոխությունից հետո մի քանի տարի թույլատրվեց կուսակցությունների ազատ աշխատանքը։
Թուրքիայի Հանրապետության ժամանակ հիմնադիր գործիչները Թուրքիան դարձրել էին աշխարհիկ պետություն՝ բնորոշ արևմտյան մոդեռնիզացիայի բոլոր կանոններին։ Կրոնը հեռացվել էր քաղաքական կյանքից, և նույնիսկ փորձեր էին արվում այն հասարակական կյանքից հեռացնելու համար՝ թողնելով կրոնը միայն անձնական կյանքում։ Այնուամենայնիվ, բնակչության մեծամասնությունը դեմ էր այս երևույթին, քանի որ նրանց համար իսլամը քաղաքական կյանքին նայելու միակ ոսպնյակն էր։ Աստիճանաբար ծայրամասերից ծագող իսլամադավան քաղաքական գործիչների ազդեցությունը մեծացավ, և 90-ականներին նրանք դարձան իշխանություն։
Թուրքիան 2017 թվականին հանրաքվեի արդյունքում անցում կատարեց խորհրդարանականից ՝սուպերնախագահական հանրապետության։ Արդյունքում, Թուրքիայի հասարակությունը՝ ավելի քան 80 միլիոն բնակչությամբ, խիստ քաղաքականացված է։ Թուրքիան ավտորիտար պետություն է․ չկա որևէ զսպան, հակակշռող համակարգ։ Նախագահական վարչակազմն է կարգավորում երկրի գրեթե բոլոր ոլորտները։