Քաղաքական միֆերի և ինքնիշխանության մասին խոսելն առաջին հերթին առիթ է եզրույթների բնորոշման, որն ամենահեշտ գործը չէ, քանի որ այս հասկացությունները մասնագիտական գրականության մեջ ամենատարբեր և երբեմն իրար հակասող բնութագրումներն ունեն։ Հատկապես սա վերաբերում է ինքնիշխանության հասկացությանը, որն Արիստոտելի, Հոբսի, ֆրանսիական և ամերիկյան հեղափոխականների և 20-րդ դարի գիտնականների գրչի տակով անցնելիս, մեծ փոփոխությունների է ենթարկվել։ Կփորձենք խոսել այն մասին, թե որոնք են հատկապես 20-րդ դարի ընկալումների սկզբնապատճառները։
1948թ․ Մորգենթաուն նշում էր, որ ի հեճուկս շատ տաղանդավոր հեղինակների փորձերի, ինքնիշխանությունը հաճախ չի կարողանում հստակ ու հասկանալի բնորոշում ստանալ։ Սակայն վերջին տարիներն հանդիպում են հետազոտություններ, որոնք ենթադրում են, որ ոչ թե ինքնիշխանությունն է խնդիր, այլ դրա շուրջ կազմվող քաղաքական միֆերն են պատճառ դառնում այդքան տարբեր բացատրությունների ու ընկալումների։ Քաղաքական միֆերը պատումներ են՝ կապված անցյալի, ներկայի և ապագայի հետ, որոնք թեև օբյետկիվ իրականությունից շեղում են բնական պատկերը, սակայն ծնված են տվյալ մշակույթի առանձնահատկություններից և միտում ունեն այն վերագրելու ունիվերսալ արժեքներին։ Դրանք պատումներ են, որոնք որևէ հանրույթի կողմից օգտագործվելիս, չեն ընկալվում որպես միֆ կամ ոչ օբյեկտիվ մի արտահայտություն։ Քաղաքական միֆերը կրոնական և քաղաքական գաղափարախոսությունների միջակայքում եղած երևույթներ են։
Ռուսսոյի մոտ հանդիպող ժողովրդական ինքնիշխանության հետ կապված գոյություն ունեն բավականին միֆականացված պատկերացումներ․ հատկապես սա արտահայտված է այն խոսույթում, ըստ որի եթե կա պետական ինքնիշխանություն, ժողովրդական ինքնիշխանությունը երկրորդային է։ Սրան փոխլրացնում է այն հանգամանքը, որ արտաքին ու ներքին ինքնիշխանությունը հաճախ տարանջատվում են և դիտարկվում որպես անկախ երևույթներ, այնինչ իրականում առանց ներքին ժողովրդական ինքնիշխանության հնարավոր չէ արտաքին ինքնիշխանություն։ Ցանկացած պետական գերիշխանություն, եթե հիմնված չէ ներքին ինքնիշխանության վրա, չի կարող հայտ ներկայացնել միջազգային հարաբերություններում ինքնիշխանության։ Հայաստանում 2018թ․ իրադարձություններին նախորդած տարիներին հետևողական փորձեր էին իրականացվում նսեմացնել այս խոսույթը, և այս միֆն ամրապնդվում էր՝ ցույց տալով, որ ժողովրդից ոչինչ կախված չէ։
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի «Կովկասյան բարոմետր» հետազոտության տվյալներով հայ հասարակության մոտ 57%-ը համարում է, որ պետությունը պիտի «ծնողի» նման լինի, ոչ թե վարձու աշխատողի։ Սա նույն միֆի ամրագրումն է․ ծնողին չես կարող փոխել, ծնողի դեմ ինքնիխանությունդ ընդլայնող ակցիաներ չես անում և, մյուս կողմից, ծնողի որոշումները վիճարկելը կարծես հակասի ավանդական արժեքներին։ Վերջին երկու տարվա ընթացքում հանրային խոսույթում կարևոր խնդիրները ոչ բավարար բարձրաձայնումը թույլ չի տալիս, որ այդ միֆը ստվերում մնա և մարգինալացվի։ Մյուս քաղաքական միֆն է ինքնիշխանությունը՝ որպես հավասարություն։ Հավասարությունը միջազգային ասպարեզում և երկրի ներսում սերտորեն կապված է ինքնիշխանության հետ, բայց դրանք նույնացնելով ինքնիշխանությունը դարձնում ենք չափազանց խոցելի մեր ընկալումներում․ երբ համեմատում ենք տարբեր ֆիզիկական, տնտեսական, աշխարհագրական սկզբունքներով, թյուր կարծիք է ստեղծվում, որ դրանք ազդում են նաև ինքնիշխանության վրա։ Սրան հետևում է նաև բացարձակ անկախության միֆը, թեև բացարձակ անկախ պետություն գոյություն չունի․ անկախ տարածքներից ու ռեսուրսներից ցանկացած պետություն ունի կախվածություններ։ Բազում պետություններ տարբեր չափով իրենք են որոշում՝ ինչպիսի կախվածությունների մեջ մտնեն և ինչպիսի ազատություններ իրենց թույլ տան։ Այս իմաստով ինքնիշխանությունը կարծես մի պատնեշ լինի, սակայն այդ պատնեշը բացարձակ չէ։ Իշխանության նպատակը ոչ թե այդ պատնեշը կարծրացնելն է, այլ այնպիսի կուռ համակարգ ստեղծելն է, որ ցանկացած ներթափանցող տարր միայն հարստանալու միջոց դառնա։
Այս իմաստով չափազանց կարևոր է, որ անկախության և ինքնիշխանության տարանջատման տիրույթում պետական մտածողությունն իր տեղը չզիջի համայնքային մտածողությանը։ Հայերենը պետական լեզու հռչակած, հայերենով հանրակրթությունն ու բարձրագույն կրթությունն իրականացնող ինքնիշխան պետության տարածքում խոսել հայապահպանության խնդիրների մասին նշանակում է այդպես էլ մի կողմ չդնել համայնքային մտածողությունը։ Երբ ինքնիշխան պետությունը ապրիորի դառնում է դրանց պաշտպանը, խոսել դրանց կամընտրական դարձնելու՝ որպես խոչընդոտի մասին, ցույց է տալիս այս խոսույթի հանցավոր ներկայությունը։ Վերջին օրերին տարբեր շրջանակներից անվերջ թմբկահարվող այս թեմաները թույլ չեն տալիս մի կողմ թողնել հուզականությունը և չանդրադառնալ այն խնդրին, որ մենք խոսում ենք Հայաստանի՝ որպես մեր հայրենիքի մասին, հայաստանակենտրոն դիտանկյունից, ոչ թե որպես այլ երկրների հարևան կամ թշնամի։