Եթե մենք վերցնենք տարբեր մեթոդաբանություններ՝ հասկանալու, թե ինչ է պատերազմը, ապա եթե տարվա կտրվածքով կա որոշակի թվով զոհերից ավելի թիվ, ուրեմն կարելի է ասել, որ պատերազմական իրավիճակում ենք…
Ասեցիր, որ Ռուսաստանի ձեռքում է գտնվում Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին, մյուս կողմից էլ ստացվում է, որ հայաստանյան տեսանկյունից, եթե մի պահ մի կողմ թողնենք արտաքին ուժերը, բանալին գտնվում է Հայաստանի ներքին ժողովրդավարացման գործընթացում, որը կնպաստի կոնֆլիկտի կարգավորմանը: Կա նաև հակառակ կարծիքը, որ, ընդհակառակը, ավտորիտար ռեժիմների գոյության պայմաններում շատ ավելի հեշտ է «ծախել» խաղաղությունը կամ խաղաղության դաշնագիրը, որովհետև կան այն բոլոր ավտորիտար մեխանիզմները հանրային կարծիքը հանգստացնելու, կառավարելու առումով, և անել որոշակի քայլ, որն ի վերջո կհանգեցնի խաղաղության, եթե դա այդ պահին բխում է իշխանության շահերից…
Միայն Հայաստանը չի կարող առաջիկա տասը տարում, նույնիսկ ամենաօրինական իշխանության պայմաններում, պարտադրել Ադրբեջանին խաղաղություն: Եթե մի կողմը հաղթող դուրս գա, ապա խաղաղությունը երկարատև չի լինելու: Նույն Եգիպտոսի օրինակն ենք բերում. Սինայի՝ ետ բերելու հաշվին Իսրայելը ճանաչեց Եգիպտոսը, մինչ այժմ այդ երկրում շարունակում է մասնակի ռազմական դրությունը: Արդյոք սա կարելի է՞ համարել խաղաղություն, կարելի է համարել կայունություն՝ որոշակի մակարդակի, կարելի է համարել իրավիճակ, որը կառավարելի է կոնկրետ ռազմական խմբի կողմից: Եթե նման խաղաղության մասին ենք խոսում, ապա մտնելով կոնֆլիկտոլոգիայի տերմինների մեջ՝ կա դրական խաղաղություն և բացասական խաղաղություն: Այսինքն զուտ բռնության բացակայությունը չի կարող նշանակել խաղաղություն…