Play Video
[Գլոկալ] ԱՄՆ․ քաղաքականություն | Բենիամին Պողոսյան

Հայաստանյան հասարակական խոսույթում հաճախ է առաջ քաշվում «ո՞վ ենք մենք» հարցադրումը, մինչդեռ «որտե՞ղ ենք մենք» հարցը կամ շրջանցվում է կամ պատկերվում խիստ աղճատված տարբերակով։ Այնինչ, ինքդ քեզ հասկանալու, քո դերն ու նշանակությունը, ռեսուրսներն ու հնարավորությունները ճիշտ գնահատելու համար չափազանց կարևոր է օբյեկտիվ, միֆերից զերծ պատկերացում ունենալ այն միջավայրի մասին, որում գտնվում ես։

«Գլոկալ Աշխարհ» դասախոսությունների շարքը նպատակ ունի լրացնել այդ բացն ու մեզ շրջապատող աշխարհի, երկրների ու հասարակությունների, համաշխարհային ուժային կենտրոնների մասին հնարավորինս անաչառ պատկեր ներկայացնել։ Դեռևս անցյալ տարի մեկնարկած այս ծրագրի նպատակներից մեկը կոնֆլիկների խաղաղ լուծմանն ու պատերազմի խոսույթի քննադատությանը նպաստելն էր։ Ու թեև, ցավալիորեն, մենք չկարողացանք խուսափել պատերազմ-աղետից, բայց կարծում ենք՝ այս շարքի դասախոսությունները չեն կորցրել իրենց արդիականությունը (եթե հաշվի չառնենք ժամանակագրական սահմանափակումը), քանի որ ետպատերազմական շոկը հաղթահարելու ուղիներից մեկն էլ աշխարհը հնարավորինս օբյեկտիվ դիրքից ճանաչելու մեջ է։ Շարքում ընդգրկված 60 դասախոսությունները, որ վերլուծում են  12 երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային ոլորտներն ու 6 միջազգային կամ վերազգային կազմակերպությունների նպատակներն ու առաքելությունները, կարևոր խթան կարող են լինել աշխարհի մասին մեր պատկերացումները իրապես վերարժևորելու տեսանկյունից։

Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, և բնական է, որ դրա պետական համակարգի նկատմամբ հետաքրքրությունը բավականաչափ մեծ է։ Այդ համակարգը ԱՄՆ-ին թույլ է տալիս բավականաչափ հաջող կերպով զարգանալ, և, միաժամանակ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զբաղեցնել իր այսօրվա դերը։ Որքան էլ վերջին տարիներին կարելի է նկատել ԱՄՆ հզորության նվազման միտումներ, ամեն դեպքում, հասկանալի է, որ այդ դերը կպահպանվի դեռ մոտակա տասնամյակների ընթացքում։

ԱՄՆ-ն ստեղծվել է 1776թ․ և դրա պետական համակարգն ու պետության հիմքում ընկած արժեհամակարգը հասկանալու համար պետք է առաջին հերթին ուսումնասիրել Անկախության հռչակագիրը, որի հիմնական հեղինակներից մեկն էր Թոմաս Ջեֆերսոնը։ Հռչակագրի հիմքում ընկած էին մի շարք գաղափարներ, որոնցից առաջինը բոլոր մարդկանց ազատ և հավասար ծնվելու իրավունքի հասկացությունն էր։ Այս գաղափարների ակունքները հասկանալու համար անհրաժեշտ է տեղափոխվել մոտ մեկ դար ավելի վաղ շրջանի Մեծ Բրիտանիա․ բրիտանացի հայտնի փիլիսոփա Ջոն Լոքն իր աշխատություններում բարձրացրեց մարդկանց հավասարության խնդիրը, և հենց իր գաղափարները հիմք դարձան Անկախության հռչակագրի համար։ Հարց է ծագում, թե ինչպես էր մարդկանց հավասարության գաղափարը համադրվում ԱՄՆ-ում տիրող ստրկատիրության հետ․ Թոմաս Ջերֆեսոնի կարծիքով ստրկությունն անընդունելի էր, սակայն նա գտնում էր, որ բոլոր ստրուկներին միաժամանակ ազատելը հավասարազոր կլինի նրանց սովի մատնելուն։ Նա առաջարկում էր ստրուկների զավակների սերնդին տալ արտադրության միջոցներ՝ հող և գյուղատնտեսություն, և աստիճանաբար վերացնել ստրկությունը։ Սակայն, ստրկությունը վերացավ միայն 1865թ․՝ քաղաքացիական պատերազմի ավարտից հետո։

Միացյալ նահանգների հաջորդ կարևոր ակտը սահմանադրությունն էր, որի ուժի մեջ մտնելուց հետո հարց բարձրացվեց, որ դրանում բավարար կերպով ներառված չէ մարդու իրավունքների հարցը, որը հիմք դարձավ «Իրավունքների օրինագծի»` 10 հիմնական իրավունքից կազմված սահմանադրության առաջին լրացման համար։ Դրանց թվում էին կրոնական ազատության, խոսքի և հավաքների ազատության, զենք կրելու, արդար դատական գործընթաց ունենալու և այլ իրավունքներ։

ԱՄՆ-ը դաշնություն է՝ կազմված 50 նահանգից, որոնց գումարվում է Կոլումբիայի շրջանը՝ DC-ն, և հավելյալ տարածքներ, որոնք չեն համարվում նահանգ՝ Պուերտո Ռիկո, Գուամ, Ամերիկյան Սամոա և այլն։ ԱՄՆ-ում գոյություն ունի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ստույգ տարանջատում և իհարկե ԶԼՄ-ների անկախություն։ ԱՄՆ գործադիր իշխանության ղեկավարը նախագահն է, որն ընտրվում է չորս տարին մեկ՝ ընտրիչների խմբի (քոլեջի) կողմից։ Միացյալ Նահանգները չունի վարչապետ․ կա նախագահ և փոխնախագահ, որոնք ընտրվում են նույն ընտրությունների ժամանակ։ Օրենսդիր իշխանությունը Կոնգրեսն է, որը բաղկացած է Ներկայացուցիչների պալատից և Սենատից։ Ներկայացուցիչների պալատն ունի 435 ընտրված ներկայացուցիչ և 6 կամ 7 տարածքների ներկայացուցիչ։ Ներկայացուցիչները ընտրվում են երկու տարին մեկ անգամ, ընդ որում, յուրաքանչյուր նահանգի կողմից գործուղված ներկայացուցիչների թիվը համաչափ է նահանգի բնակչությանը։ Մյուս պալատը Սենատն է, որ յուրաքանչյուր նահանգ ունի երկու սենատոր՝ ընդհանուր թվով 100։ Ներկայացուցիրների պալատն ունի խոսնակի պաշտոն, իսկ Սենատը նախագահ չունի, և այդ գործառույթն, ըստ էության, կատարում է ԱՄՆ փոխնախագահը, որը որոշ դեպքերում կարող է մասնակցել քվեարկությանը։ Օրենսդիր իշխանությունը բավականին մեծ լծակներ ունի․ դեսպանների և նախարարների նշանակումն արվում է միայն Սենատի համաձայնությամբ։ Օրինագծերը տարբերվում են բնույթով․ գոյություն ունեն օրինագծեր, որոնք չունեն օրինական ուժ և որոնց ընդունելու համար բավական է Ներկայացուցիչների պալատի և Սենատի համաձայնությունը, և անհրաժեշտ չէ նախագահի ստորագրությունը։ Օրինական ուժ ունեցող նախագծերը սկզբում ընդունվում են Ներկայացուցիչների պալատում, այնուհետև ուղարկվում Սենատ, որը կարող է այլ նախագիծ ընդունել, այնուհետև կազմվում է համատեղ հանձնաժողով, որոնց համաձայնեցված տեքստն ընդունվում է Կոնգրեսի կողմից և ուղարկվում նախագահին, որն ունի վետոյի իրավունք։ Վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ է ձայների երկու երրորդը։

Դատական իշխանության գլխավոր մարմինը գերագույն դատարանն է, որի անդամներն ընտրվում են օրենսդիր իշխանության կողմից՝ նախագահի ներկայացմամբ։ Այն սովորաբար կազմված է լինում 9 անդամից, որոնց միջև պահպանողական և լիբերալ հոսանքների պայքար է տեղի ունենում։

ԱՄՆ քաղաքական համակարգը երկկուսակցական է և կիսված է հանրապետականների և դեմոկրատների միջև։ 1945թ․ հետո հանրապետական և դեմոկրատ նախագահները սովորաբար հաջորդում են իրար և պաշտոնավարում երկու ժամկետով՝ Ջիմի Քարթերի և Ջորջ Բուշ Ավագի բացառությամբ։ Նախագահական ընտրություններին զուգահեռ տեղի են ունենում Ներկայացուցիչների պալատի ընտրություններ՝ երկու տարին մեկ, և Սենատի ընտրություններ՝ վեց տարին մեկ, սակայն Սենատի մեկ երրորդը թարմացվում է երկու տարին մեկ։ Օրենսդիր իշխանությունը կարող է սահմանափակել նախագահի ազատությունը, եթե ունի մեծամասնություն պալատներից մեկում։

Դիտեք նաև՝

Search