Play Video
[Գլոկալ] Ռուսաստան․ Քաղաքականություն | Նարեկ Սուքիասյան

Հայաստանյան հասարակական խոսույթում հաճախ է առաջ քաշվում «ո՞վ ենք մենք» հարցադրումը, մինչդեռ «որտե՞ղ ենք մենք» հարցը կամ շրջանցվում է կամ պատկերվում խիստ աղճատված տարբերակով։ Այնինչ, ինքդ քեզ հասկանալու, քո դերն ու նշանակությունը, ռեսուրսներն ու հնարավորությունները ճիշտ գնահատելու համար չափազանց կարևոր է օբյեկտիվ, միֆերից զերծ պատկերացում ունենալ այն միջավայրի մասին, որում գտնվում ես։

«Գլոկալ Աշխարհ» դասախոսությունների շարքը նպատակ ունի լրացնել այդ բացն ու մեզ շրջապատող աշխարհի, երկրների ու հասարակությունների, համաշխարհային ուժային կենտրոնների մասին հնարավորինս անաչառ պատկեր ներկայացնել։ Դեռևս անցյալ տարի մեկնարկած այս ծրագրի նպատակներից մեկը կոնֆլիկների խաղաղ լուծմանն ու պատերազմի խոսույթի քննադատությանը նպաստելն էր։ Ու թեև, ցավալիորեն, մենք չկարողացանք խուսափել պատերազմ-աղետից, բայց կարծում ենք՝ այս շարքի դասախոսությունները չեն կորցրել իրենց արդիականությունը (եթե հաշվի չառնենք ժամանակագրական սահմանափակումը), քանի որ ետպատերազմական շոկը հաղթահարելու ուղիներից մեկն էլ աշխարհը հնարավորինս օբյեկտիվ դիրքից ճանաչելու մեջ է։ Շարքում ընդգրկված 60 դասախոսությունները, որ վերլուծում են  12 երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային ոլորտներն ու 6 միջազգային կամ վերազգային կազմակերպությունների նպատակներն ու առաքելությունները, կարևոր խթան կարող են լինել աշխարհի մասին մեր պատկերացումները իրապես վերարժևորելու տեսանկյունից։

Ռուսաստանի Դաշնության սահմանադրության առաջին գլխի առաջին հոդվածն ամրագրում է, որ Ռուսաստանը դաշնային, ժողովրդավարական, իրավական պետություն է՝ կառավարման հանրապետական կարգով: Քաղաքագիտության մեջ ՌԴ-ն բնորոշվում է որպես դաշնային կիսանախագահական հանրապետություն: ՌԴ իշխանության գործադիր մարմինը բաժանված է նախագահի ինստիտուտի և կառավարության միջև, որի ղեկավարը վարչապետն է: Վերջինս նշանակվում է նախագահի կողմից և հաստատվում օրենսդիր մարմնի կողմից, որն իր հերթին բաժանված է երկու մասի՝ ստորին պալատի (Պետական դումա) և վերին պալատի (Դաշնային խորհուրդ):

Ռուսաստանի Դաշնությունը կազմված է 85 սուբյեկտից, որոնք ունեն իրավական տարբեր մակարդակներ և ինքնավարության տարբեր աստիճաններ: Ռուսական մասսայական ինքնության մեջ գոյություն ունի տարածության մի ընկալում, որում մի կողմից կա հպարտություն, թե ինչքան մեծ է Ռուսաստանը, մյուս կողմից՝ այդ մեծություն կորցնելու վախ: Թեև այս պնդումը չի կարող միանշանակ լինել, սակայն, դրանով է կարելի բացատրել Ռուսաստանի կենտրոնական իշխանությունների՝ երկրի կառավարումը կենտրոնացնելու և Մոսկվայում ամուր կենտրոնական ձեռք ունենալու ձգտումը: 1990թթ. կենտրոնական իշխանության թուլացմանը զուգահեռ ռեգիոններում ստեղծվում էր ուժի վակուում, որը լրացվում էր տեղի քաղաքական, տնտեսական, գործարար և քրեական շրջանակների կողմից: Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո քաղաքական առաջնահերթություն սահմանվեց ռեգիոնների հանդարտեցումը, ինչի ուղղությամբ առաջին քայլերից էր նախագահի լիազոր ներկայացուցչի ինստիտուտի ստեղծումն էր: Ներկայացուցիչների պատասխանատվությունն էր մեծացնել կենտրոնի ազդեցությունը շրջաններում և մոտարկել սահմանադրությունները՝ միմյանց միջև և դաշնային օրենսդրության հետ: Իշխանության ուղղահայացի ամրապնդման հաջորդ քայլը 2002թ. Դաշնության խորհրդի ընտրության կարգի բարեփոխումն էր, որից հետո շրջանների օրենսդիր և գործադիր մարմինները սկսեցին իրենց ներկայացուցիչներին դելեգացնել Մոսկվա: Հաջորդ քայլը 2004թ. ռեգիոններում գուբերնատորների ուղիղ ընտրության ինստիտուտի վերացումն էր, որը տեղի ունեցավ Բեսլանի ահաբեկչությունից 10 օր անց: Մինչև 2007թ. ընտրված գուբերնատորները փոխարինվեցին նշանակվածներով, իսկ այնուհետև որոշ շրջանների տեղական օրենսդիր մարմիններին թույլատրվեց առաջարկել սեփական թեկնածուներին:


Անկախության տարիների սկզբից Ռուսաստանում գոյություն ուներ երազանք ունենալ երկկուսակցական կամ սահմանափակ քանակի կուսակցություններով համակարգ, սակայն, դեռևս 1990թթ. վերջին գրանցված էր մոտ 300 կուսակցություն: 1999-2006թթ. ձեռնարկվեցին փոփոխություններ, որոնք դժվարացրին կուսակցությունների գրանցումը, սահմանեցին տարածքային կազմակերպությունների և անդամների նվազագույն քանակ, արգելվեցին զուտ ռեգիոնալ կուսակցությունները: 2005թ. Դումայի ընտրությունների կարգի փոփոխությունից հետո անցում կատարվեց լիովին համամասնական համակարգի, որին զուգահեռ անցումային շեմը սահմանվեց 7%: Չնայած 2012թ. լիբերալիզացումից հետո վերականգնվեց նախկին՝ 5% շեմը և գրանցումը պարզեցվեց, սակայն քաղաքական համակարգը շարունակեց մնալ փակ: Փակ համակարգում առկա կուսակցությունները քաղաքագետներն անվանեցին համակարգային կուսակցություններ. դրանք ունեն կայուն ընտրազանգված և առաջնորդներ, համագործակցային հարաբերություններ իշխանությունների հետ:


Բազմաթիվ միֆեր են շրջանառվում առ այն, թե ով է ղեկավարում Ռուսաստանը: Քաղաքագետ Տատյանա Ստանովայան առանձնացնում է էլիտայի հինգ խումբ՝ նախագահի շքախումբը, նախագահի ընկերներն ու մերձավորները, քաղաքական տեխնոկրատները, համակարգի պաշտպանները և համակարգի քաղաքականության իմպլեմենտացնողները: Առաջին խումբը՝ նախագահի շքախումբը, հիմնականում կազմված է Վլադիմիր Պուտինի անձնական քարտուղարությունից և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներից. նրանք համարվում են նախագահի կադրային ռեզերվը: Երկար տարիների անմիջական համատեղ աշխատանքի ընթացքում նրանք վաստակել են նախագահի վստահությունը և արժանացել պաշտոնների: Հաջորդ խումբը՝ ընկերներն ու մերձավորները, բաղկացած է այն մարդկանցից, որոնք Պուտինի իշխանության գալուց հետո օգնել են նրան ստեղծել իշխանության կենտրոնամետ, ուղղահայաց համակարգը: Նրանք նախագահի ընկերներն են, մերձավորները և ուժային նախկին աշխատակիցները, որոնք, վայելելով նրա վստահությունը, դարձել են պետական ակտիվների կառավարման պատասխանատուներ: Գոյություն ունի միֆ, որ այս մարդիկ են իրականում կառավարում Ռուսաստանը, սակայն, իրականում, նրանց և նախագահի միջև կան բազմաթիվ հակասություններ, որոնք բխում են նրանց՝ կառավարումից հեռանալու և բիզնես շահեր ձեռք բերելու հանգամանքից: Այս հակասությունների լուծման մեխանիզմը նրանց փոխարինումն է տեխնոկրատներով, ինչն իրավիճակը հեշտացնում է բոլորի համար. հանում է ընկերների վրայից պատասխանատվությունը և արդյունավետ է դարձնում պետական ակտիվների կառավարումը: Տեխնոկրատներն ի սկզբանե չէին վայելում Պուտինի վստահությունը, սակայն տարիների աշխատանքով արժանացել են դրան: Նրանք համակարգի ծանրաքաշներն են՝ ներքին քաղաքական կուրատորներ, արտգործնախարարություն, պաշտպանության նախարար, ԿԲ նախագահ, կառավարության ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուներ: Հաջորդ խումբը համակարգի պաշտպաններն են, որոնց կարելի է որակել հսկիչներ և գլխավոր գաղափարախոսներ: Այս խումբը բաղկացած է ուժային տարբեր օղակների ներկայացուցիչներից, որոնք աչքի են ընկնում պահպանողական աշխարհայացքով և աշխարհը դիտում են որպես վտանգներով լի տեղ: Նրանց ազդեցությունը շարունակաբար մեծանում է: Էլիտայի վերջին խումբը քաղաքական կիրարկողներն են: Նրանց դժար է առանձնացնել որպես կուռ էլիտա, քանի որ նրանց միջև բացակայում է ներքին հարաբերությունների ամրությունը, սակայն նրանք ևս շատ կարևոր դեր ունեն: Սրանք են նախարարները, փոխնախարարները, դատավորները, վարչական միավորների ղեկավարները: Այս խումբին չենք կարող դասել Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և Չեչնյայի ղեկավարներին, քանի որ վերջիններս ծանրաքաշ տեխնոկրատների դասին են պատկանում: Այս համակարգն ու էլիտաների միջև հավասարակշռությունը կարծես ավելի կարևոր է դարձել, քան դրանք հավասարակշռող անձը, սակայն, այս պահին հավասարակշռությունը վտանգված է. համակարգի պաշտպանները՝ պահպանողական հսկիչները, ձեռք են բերում առավել մեծ ազդեցություն՝ դուրս մղելով մյուս խմբերը, ինչը հրահրում է վերջիններիս կողմից կոալիցիայի ստեղծում: Այդ դինամիկան իր ազդեցությունն է ունենում նաև արտաքին քաղաքականության վրա, և այն, թե ինչպես կդասավորվեն քաղաքական համակարգի վերափոխումները, և թե ով ու ինչպես կկազմակերպի Պուտինի իշխանության անցումը, մեծապես պայմանավորված կլինի էլիտաների պայքարով, ֆրագմենտացիայով և նրանով, թե ով կշահի այս համակարգում:

Դիտեք նաև՝

Search