Բազմաթիվ ուշագրավ փաստեր կան Լիխտենշտեյնի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կյանքի վերաբերյալ։ Լիխտենշտեյնի իշխանապետությունը գտնվում է Ավստրիայի և Շվեյցարիայի միջև։ Երկրի տարածքը 160 քառակուսի կիլոմետր է (ավելի փոքր, քան Երևան քաղաքը), իսկ բնակչությունը՝ ընդհամենը 37000 մարդ։ Լիխտենշտեյնի իշխանապետությունը 11 բաղկացուցիչ մաս ունի, և այն բացառիկ երկիրն է, որ սահմանադրորեն հնարավորություն է տալիս իր 11 բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրին կատարել ռեֆերենդում, անկախանալ՝ միանալով կամ Ավստրիայի Հանրապետությանը կամ Շվեյցարիայի Համադաշնությանը։
Լիխտենշտեյնը միակ պետությունն է Եվրոպայում, որն իրականում միապետություն է, որտեղ միապետն ունի իրական իշխանություն։ Հետաքրքրական է, որ պետության անունը գալիս է իշխանական ընտանիքի անվանումից՝ Լիխտենշտայն։ Լիխտենշտեյնը նաև միակ պետությունն է Եվրոպայում, որ վերջին հարյուրամյակների ընթացքում չի փոխել իր սահմանները և չի կորցրել տարածքներ։ Եվ այս ամենն այն պարագայում, երբ առնվազն 1868 թվականից սկսած երկիրը չի ունեցել զինված ուժեր և մինչ այժմ էլ չունի, որը տեղի է ունեցել ի շնորհիվ հմուտ դիվանագիտության։
Հարց է առաջանում, թե ինչի՞ շնորհիվ է երկիրն այսքան հարուստ։ Լիխտենշտեյնի ՀՆԱ-ի կեսը ապահովվում է արդյունաբերության միջոցով։ 1970-ականներին երկիրը եղել է ագրարային ոչ այնքան հարուստ պետություն, սակայն այն ներկայիս միապետի՝ Հանս-Ադամ II-ի իրականացրած ռեֆորմների արդյունքում դարձավ շատ գրավիչ ներդրողների համար։ Լիխտենշտեյնը՝ մյուս բոլոր փոքր պետությունների նման, հակված է արտահանմանը միտված տնտեսություն ունենալ, քանի որ ներքին շուկան փոքր է։ Հետևաբար, կարևոր է միջազգային առևտրի շրջանակներում խոչընդոտների բացակայությունը, ինչի համար նպաստավոր պայմաններ էր ստեղծել ապագաղութացումը։