Իսրայել պետության ձևավորման գործընթացը պատմական չորս փուլ է անցել՝ 19-րդ դարի վերջում սիոնիստական գաղափարախոսության ստեղծումը, Բալֆուրի հռչակագրի ընդունումը, մանդատային Պաղեստինի ժամանակաշրջանը և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մանդատային կարգի վերացումն ու Իսրայելի ստեղծումը: Նշված փուլերում կարևոր դերակատարում ունեցավ երկու գործոն: Առաջինը հրեական օջախի ձևավորման անհրաժեշտությունն էր, որը հենց սիոնիստական գաղափարախոսության, ինչպես նաև 1948թ. նոյեմբերի 20-ի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևի հիմքում: Մյուս գործոնը Իսրայել պետության հռչակմանն անմիջապես հաջորդած 1948թ. առաջին արաբ-իսրայելական պատերազմն էր: Գաղափարական առումով պետության ստեղծման հիմքում եղել է Մերձավոր արևելքում ժողովրդավարական պետություն ստեղծելու նպատակը, ինչպես նաև հրեականության կենտրոնի ձևավորումը: Այս երկու հիմնական, առաջին հայացքից իրար որոշակի առումով հակասող հասկացությունը՝ ազգայնականությունն ու ժողովրդավարությունը, բնութագրում են Իսրայել պետության ֆենոմենը: Այս դիսկուրսը հատկապես օրակարգային դարձավ 1980թթ., երբ առարկայական դարձան Իսրայելի զարգացման տարբեր առաջնահերթություններ: Այս դիսկուրսի դրսևորումներից է հրեաների և արաբների միջև իրավունքների և պարտականությունների տարբերություններն են. արաբների իրավունքները էականորեն նվազել են, հատկապես, արաբ-իսրայելական կոնֆլիկտների շրջափուլերում: Սա վերաբերում է թե՛ կրությանը, թե՛ սոցիալական ապահովությանը, թե՛ պետության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին:
Քաղաքագիտական տեսանկյունից երկրորդ հիմնական բանավեճը վերաբերում է Իսրայելի՝ մաժորիտար կամ կոնսենսուսային համակարգ լինելուն: Ընդ որում, սա կարևոր է թե՛ քաղաքական ուժերի, թե հասարակության տարբեր շերտերի միջև եղած հարաբերությունների տեսանկյունից: 1948թ. սկսած Իսրայելում մշտապես ձևավորվել են կոալիցիոն կառավարություններ, սակայն, մինչև 1970թթ. կեսը բոլոր կառավարություններում իշխել է մեկ քաղաքական ուժ: Մաժորիտարիզմի գաղափարը կարևոր է նաև հասարակական շերտերի միջև շփումների և նույնիսկ համակեցության տեսանկյունից, քանի որ հրեաների՝ պետության ամենամեծ էթնիկ խումբ լինելու հանգամանքը մշտապես ետին պլան է մղել մյուս էթնիկ խմբերը:
Արաբ-իսրայելական հակամարտությունը՝ որպես անվտանգային գործոն, իսրայելական քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկն է և մշտապես ուղղորդիչ է եղել բոլոր ընտրական գործընթացներում: Հակամարտության թեժացած փուլերում հասարակական աջակցության են արժանացել աջակողմյան ուժերը, իսկ խաղաղ շրջաններում հասարակությունն աջակցել է ձախակողմյան թևը՝ խաղաղ ճանապարհի կողմնակիցները: Այս գործոնն անկյունաքարային ազդեցություն է ունեցել իսրայելական քաղաքական ուժերի գաղափարական բաժանման հարցում, սակայն, դրանք չեն ենթարկվում միանշանակ գիտական դասակարգման:
Իսրայելը ստեղծվեց որպես պարլամենտական կառավարմամբ ժողովրդավարական պետություն. երկրի ղեկին կանգնած է նախագահը, իսկ իշխանությունը բաժանված է օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի: Իսրայելը չունի սահմանադրություն, որի փոխարեն գործում է 16 հիմնական օրենք, որոնք կարգավորում են պետության և ինստիտուտների աշխատանքը: Նախագահի հիմնական գործառույթներն են իրավական ակտերի վավերացումը, իշխանության տարբեր թևերի մեջ հավասարակշռության պահպանումը, կառավարության ձևավորման գործընթացը:
Օրենսդիր մարմինը՝ քնեսեթը, կազմված է 120 պատգամավորից, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով: Քնեսեթին վերապահված է սեփական գործունեության ժամկետը երկարաձգելու բացառիկ իրավունք, սակայն, մինչ այսօր դա տեղի է ունեցել միայն 1973թ. Դատաստանի օրվա պատերազմի ժամանակ՝ երկու ամսով: Ընտրությունները տեղի են ունենում բացառապես համամասնական ցուցակներով: Խորհրդարանի կազմում հայտնվել է 10-15 կուսակցություն, ինչը պայմանավորված է ցածր ընտրական շեմով՝ նախկինում 1%, իսկ այժմ՝ 3,25%: Գործադիր մարմինը ներկայացնում են վարչապետը, նախարարությունները և պետական վերահսկիչի ու օմբուդսմենի ինստիտուտը:
Դատական իշխանությունը բարձրագույն դատարանն է, ինչպես նաև բարձրագույն արդարադատության դատարանն է՝ բագացը: Իշխանության այս թևի մյուս կարևոր ինստիտուտը գլխավոր դատախազի կամ, այսպես կոչված, կառավարության իրավական խորհրդատուի պաշտոնն է, որը ևս առանցքային դերակատարում ունի իշխանության երեք թևի միջև հավասարակշռության ապահովման գործում: