Play Video

Թյուրըմբռնում գոյություն ունի, որ Իրանը տոտալիտար պետություն է, որտեղ կրոնապետական բռնատիրություն է հաստատված: Սակայն, դա այդպես չէ. Իրանական քաղաքական համակարգը բավականին բազմաշերտ է և սինթեզում է ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ, ժողովրդավարական, հանրապետական կառավարման սկզբունքներ: Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակակից քաղաքական համակարգը ձևավորվել է  1978-79թթ. տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո, երբ տապալվեց շուրջ 2500-ամյա միապետական համակարգը: Դրանից հետո հաստատված իսլամական հանրապետության համակարգն անծանոթ էր աշխարհին և խարխսված էր Այաթոլա Խոմեյնիի կրոնաքաղաքական գաղափարախոսության վրա:

20-րդ դարի կեսերի երկբևեռ աշխարհում Իրանը ԱՄՆ-ի դաշնակիցն էր և ընթանում էր կապիտալիստական զարգացման հունով: 1963թ. Սպիտակ հեղափոխության ռեֆորմների արդյունքում Իրանն ընթացավ արագացված ինդուստրիալիզացման ճանապարհով և Իրանի հասարակական հարաբերությունները սկսեցին արևմտականացվել: Փոխվում էին հողային հարաբերությունները, աշխարհիկանում էր կրթահամակարգը, կանանց տրամադրվում էին իրավունքներ և արտոնություններ. Իրանը կիսաավատական հասարակարգից կտրուկ թռիչք կատարեց դեպի կապիտալիզմ, որն իր հերթին խնդիրներ բերեց: Տնտեսական ոլորտի արդիականացումը տեղի էր ունենում ոչ համամասնական կերպով, և փաստացի շահական Իրանը դրաձել էր մոնոպոլիստական, օլիգարխիկ պետություն, որում տնտեսության ռազմավարական ճյուղերը կենտրոնացել էին շահի և նրա շրջապատի ձեռքերում: Հասարակության ստորին շերտերը, մանր և միջին բուրժուազիան, ըստ էության, մնացին անտեսված, և ստեղծված համակարգային կոռուպցիայի և բարձր գնաճի պայմաններում, նրանց կենսամակարդակը խիստ վատթարացավ: Պետք է նշել, որ այս բոլոր փոփոխություններին համընթաց շահը չէր գնում քաղաքական համակարգի արդիականացմանը. ստեղծվել էր քաղաքական վակուում, որի պայմաններում արգելված էին բոլոր կուսակցությունները, չկար խոսքի ազատության իրավունք: Իրանի կյանքում ավանդաբար մեծ դերակատարում է ունեցել շիական հոգևորոականությունը, որին շահը չէր հանդգնում անհանգստացնել: Հենց հոգևորականությունը դարձավ միակ օրինական ընդդիմությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության հռչակումից հետո համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունվեց Իրանի սահմանադրությունը: Ըստ սահմանադրության, Իրանի քաղաքական համակարգը բաժանվում է իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի, որոնց վերևում կանգնած է հեղափոխության առաջնորդը՝ ռահբարը: Իրանի աստվածապետական ինստիտուտները մի քանիսն են՝ ռահբարը (հոգևոր առաջնորդը), բանիմացների խորհուրդը, դիտորդների կամ սահմանադրության պահապանների խորհուրդը և քաղաքականության նպատակահարմարության որոշող խորհուրդը: Աշխարհիկ ինստիտուտներն են մեջլիսը՝ օրենսդիր մարմինը, և գործադիրը, որը ձևավորվում է նախագահի ընտրությունից հետո և ղեկավարվում է վերջինիս կողմից;

Ռահբարն ուղղահայաց կերպով վերահսկում է իշխանության երեք ճյուղերը: Նրա լիազորությունները շատ լայն են և սահմանվում են սահմանադրությամբ: Նա մշակում է երկրի ընդհանուր քաղաքականությունը, վերահսկում է դրա ճիշտ կենսագործումը, զինված ուժերի գլխավոր հրամանատարն է և նշանակում է սահմանադրության պահապանների խորհրդի վեց իրավագետին, զինված ուժերի շտաբի պետին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարին, դատական համակարգի ղեկավարին: Ռահբարի լիազորություններից է նաև ժողովրդական ընտրություններից հետո նախագահին նշանակումը և գերագույն դատարանի կամ մեջլիսի համապատասխան որոշման դեպքում նախագահի հեռացումը պաշտոնից: Ռահբարին ընտրում է Բանիմացների խորհուրդը, որը ձևավորվում է ուղիղ ժողովրդական ընտրությունների միջոցով, կազմված է 88 բարձրաստիճան հոգևորականից, ընտրվում է 8 տարի ժամկետով: Աստվածապետական մյուս կարևոր կառույցն է Սահմանադրության պահապանների կամ դիտորդների խորհուրդը, որն ունի 12 անդամ, որոնցից վեցին նշանակում է ռահբարը: Այս խորհրդի հիմնական գործառույթն է մեջլիսի որոշումների և ակտերի հաստատումը, ինչպես նաև ընտրությունների կազմակերպումն ու համակարգումը: Ռահբարին կից գործում է նաև քաղաքականության նպատակահարմարության որոշող խորհուրդը, որն ամենաբարձր խորհրդատվական մարմինն է և միջնորդի դեր է խաղում մեջլիսի և դիտորդների խորհրդի միջև:

Մեջլիսը միապալատ պարլամենտ է, որը ձևավորվում է երկփուլ ընտրական համակարգով և ընտրվում է 4 տարի ժամկետով: Մեջլիսի հիմնական գործառույթն է օրենսդրության մշակույթը և կառավարության կազմի հաստատումը: Դրանում ներկայացված են նաև կրոնական փոքրամասնությունները: Մեջլիսը վավերացնում է նաև միջազգային պայմանագրերը. միայն մեջլիսի թույլտվությամբ են օտարերկրյա ներդրողները կարող Իրանում գործունեություն ծավալել: Նախագահը ևս ընտրվում է ժողովրդական ընտրությամբ, պաշտոնավարում է 4 տարի և կարող է ընտրվել միայն երկու անգամ: Նախագահը կառավարում է երկրի սոցիալ-տնտեսական կյանքը և այլ պետությունների հետ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը:

Դատական իշխանությունը խարսխված է իսլամական օրենսդրության վրա, իսկ դրա ղեկավարին նշանակում է հոգևոր առաջնորդը: Զինված ուժերը ենթարկվում են հոգևոր առաջնորդին և կազմված են երկու բաղադրիչից՝ աշխարհիկ կանոնավոր բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, որն ունի առանձին ստորաբաժանումներ:

Դիտեք նաև՝

Search