Ժամանակակից Վրաստանը կառուցված է մի քանի կարևոր պատմական իրողոթյան վրա: Անկախ Վրաստանի ինքնության մեջ առանցքային նշանակություն ունի 1989թ. ապրիլի 9, երբ ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ հնչեց «անկախություն» բառը: Այդ օրը դարձավ արյունալի պատճառ. Մոսկվան ուղիղ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, եղավ 21 զոհ և հարյուրավոր վիրավորներ: Վրաստանում քաղաքական նոր շարժումը գլխավորել էին խորհրդային շրջանի այլախոհները՝ Ճանտուրիան, Գամսախուրդիան և այլոք, որոնք 1970-80թթ. հանդես էին գալիս կենտրոնին դեմ և անկախությանն ու պետականությանը կողմ, և ԽՍՀՄ փլուզումից հետո հենց Գամսախուրդիան դարձավ անկախ պետության առաջին նախագահը: ԽՍՀՄ տարիներին թաքցված ազգայնականությունը սկսեց հորդալ և դուրս պրծնել, դրան ավելացվեց Աբխազիայի և Հարավային Օսիայի լարված իրավիճակը: Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունն աճում էր, և Վրաստանում քաղաքացիական պատերազմ սկսվեց: Պատերազմն ուներ ոչ թե էթնոսեկուլյար, այլ առավելապես քաղաքական հիմքեր, ինչպես նաև անմիջականորեն ներգրավված էր հանցավոր ոլորտը, որի հիմնական կենտրոնները հենց Վրաստանում էին: Այս շրջանում իշխանությունը չէր կարողանում տնօրինել երկրում ստեղծված իրավիճակը, և այն ավարտվեց Գամսախուրդիայի սպանությամբ:
Պետական համակարգի դեգրադացիան հասցրեց 2003թ. Վարդերի հեղափոխությանը: Շևարդնաձեն զանգվածաբար կեղծեց խորհրդարանական ընտրությունները, սակայն հանրային դժգոհությունները թույլ չտվեցին պահել իշխանությունը: Նախագահ ընտրվեց Միխեիլ Սաակաշվիլին, որը ռեֆորմների օրակարգ առաջարկեց, որը զուգակցվեց արևմտամետ քաղաքական կողմնորոշմամբ: Վրաստանը «դեկոմունիզացիայի» խնդիր դրեց՝ դուրս բերելով խորհրդային զորքերի մնացորդները, մտերմանալով Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հետ և խորհրդային շրջանը հռչակելով «օկուպացիա»: Արագ ռեֆորմներ եղան ոստիկանական, դատային, մաքսային համակարգերում: Սաակաշվիլին նպատակ դրեց վերացնելու կազմակերպված հանցավորությունը և ոստիկանությանը մեծ լիազորություններ տվեց այդ ուղղությամբ, ինչը մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների բերեց: Պետական ապարատում և վերը նշված ոլորտներում կրճատումների քանակը բերեց հանրային դժգոհության և 2007թ. զանգվածային բողոքների ժամանակ Սաակաշվիլին առաջին անգամ բիրտ ուժ կիրառեց: Իշխանությունն արտահերթ ընտրություններ հայտարարեց, Սաակաշվիլին վերընտրվեց, իսկ մի քանի ամիս անց տեղի ունեցավ Հնգօրյա պատերազմը Օսիայիում, որը ներքին տիրույթում համարվում էր Սաակաշվիլիի կողմից կազմակերպված: Վրաստանը տարածքային կորուստներ ունեցավ, Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան:
2011թ. Սաակաշվիլին և իր թիմը սահմանադրական փոփոխությունների օրակարգ բերեցին՝ առաջարկելով անցում կատարել խորհրդարանական պետության: Սակայն, քաղաքական ընդդիմությունը սա որակեց որպես իշխանության մոտ մնալու փորձ և առաջ եկավ Բիձինա Իվանիշվիլին, որի կողմից այդուհետև ստեղծված «Վրացական երազ» կուսակցությունը մինչ օրս քաղաքական իշխանություն է: