Ֆրանսիան աշխարհի հնագույն հանրապետություններից մեկն է: Հանրապետական կարգի հաստատումը Ֆրանսիայում բավականանին երկարատև պայքարի արդյունք էր, որի առաջին փորձերը տեղի են ունեցել դեռ 18-րդ դարի վերջին: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիան աչքի է ընկնում քաղաքական վայրիվերումներով և ընդհատումներով. Միայն վերջին 200 տարում երկիրը հաղթահարել է 5 միապետություն, 5 հանրապետություն, 4 հեղափոխություն, 4 ժամանակավոր կառավարություն, 2 ռեժիմ, 12 սահմանադրություն: Վերջին սահմանադրությամբ սահմանված պետական կարգն անվանվեց Ֆրանսյայի հինգերորդ հանրապետություն:
Հինգերորդ հանրապետության հիմքում ընկած են գեներալ Շարլ դը Գոլլի գաղափարները: Կառավարման ձև ընտրվեց կիսանախագահական հանրապետությունը: Ֆրանսիական 12-րդ սահմանադրության հիմքում ընկած է հինգ կարևոր սկզբունք՝ իշխանությունների տարանջատում, ընտրությունները՝ որպես իշխանության աղբյուր, դատական համակարգի անկախություն, կառավարության պատասխանատվություն խորհրդարանի առջև, մարդու և քաղաքացու ազատությունների և իրավունքների հարգման պահանջ: Համաձայն սահմանադրության, Ֆրանսիայի դրոշ է ընտրվում կապույտ-սպիտակ-կարմիր եռագույնը, օրհներգը՝ «Մարսելյեզը», նշանաբանը՝ «Երկրի կառավարում ժողովրդի կամքով ժողովրդի համար», պետական լեզուն՝ ֆրանսերենը: Սահմանադրությունն անփոփոխ է մնացել, և, ավելին, ըստ դրա 89-րդ հոդվածի, կառավարման հանրապետական ձևը փոփոխման ենթակա չէ:
Ֆրանսիայում օրենսդիր իշխանությունն իրականացնում է երկպալատ խորհրդարանը, որի ստորին պալատն անվանվում է Ազգային ժողով, իսկ վերինը՝ Սենատ: Ընդ որում, պալատների արտոնությունները տարբեր են: Օրենսդրական գործընթացում որոշիչ դերը տրված է ազգային ժողովին, իսկ սենատը միայն երկարաձգման և վետոյի իրավունք ունի: Սենատը հավասարակշռող գործոն է նախագահի ինստիտուտի, կառավարության և ազգային ժողովի միջև: Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, որոնք ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ ուղղակի համընդհանուր ընտրությունների արդյունքում: Սենատորները 321-ն են, և նրանք ընտրվում են անուղղակի համընդհանուր ընտրությունների արդյունքում՝ ընտրիչների կոլեգիաների կողմից: Թեև սենատն ու ազգային ժողովը օրենսդիր մարմնի պալատներն են, սակայն, կառավարությունը կարող է պահանջել սենատի հեռացումն օրենսդրական գործընթացից՝ հօգուտ ազգային ժողովի: Սենատը սահմանափակ է նաև լիազորությունների առումով և, առհասարակ, խաղում է պարզապես հավասարակշռող դեր: Երկու պալատում էլ կազմված են աշխատանքային բյուրոներից, խորհրդարանական հանձնաժողովներից, խորհրդարանական խմբերից: Պատգամավորներն ընտրությունների են գնում իրենց տեղակալների հետ միասին, և եթե հետագայում որևէ պատճառով չեն կարողանում կատարել իրենց գործառույթները, նրանց փոխարինում է տեղակալը, բացառությամբ հրաժարականի:
Գործադիր իշխանությունն են իրագործում նախագահը և կառավարությունը, որը կազմված է վարչապետից, նախարարներից և պետական քարտուղարներից: Երբեմն այնպես է ստացվում, որ նախագահն ու վարչապետը ներկայացնում են տարբեր կուսակցություններ, ինչը որոշակի վտանգներ է պարունակում, քանի որ սահմանադրությունը չի առաջարկում նմանատիպ խնդրի լուծում: Ֆրանսիայի նախագահը լայն արտոնություններ ունի և անմիջականորեն ղեկավարում է կառավարությունը, իսկ վարչապետը միայն համակարգում է դրա գործունեությունը: Նախագահն ընտրվում է ուղղակի ընտրությունների արդյունքում, հինգ տարի ժամկետով, մաժորիտար համակարգով: Կառավարությունը կոլեգիալ մարմին է:
Ֆրանսիայի դատական իշխանության երաշխավորը երկրի նախագահն է: Դատական համակարգը հստակ տարանջատումներ ունի. ընդհանուր իրավասության, քաղաքացիական և քրեական դատարանների կողքին գործում է վարչական դատարանը: Դատական բոլոր ատյաններում գոյություն ունեն դատախազներ: Դատական համակարգը բաժանված է երկու խմբի՝ ընդհանուր իրավասության, քաղաքացիական և քրեական դատարաններ և վարչական դատարաններ, որոնցից յուրաքանչյուրը բաժանված են հատուկ և հասարակ դատարանների: Դատական համակարգի բարձրագույն մարմինը Ֆրանսիայի գերագույն դատարանն է:
Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման համակարգը եռամակարդակ է. ստորին մակարդակում են կոմունաները՝ 36000 բնակչության խմբեր և առաջացել են դեռևս Հռոմեական կայսրության ժամանակ: Երկրորդ մակարդակում 100 դեպարտամենտներն են, որոնցում պետության ներկայացուցիչը պրեֆեկտներն են: Դեպարտամենտները միավորվում են շրջանների, որոնց թիվը 2018թ. դրությամբ տասնութն է: