Play Video

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է Տաշկետնում 1992թ. մայիսի 15-ին՝ փաստացի, ԽՍՀՄ փլուզումից և ԱՊՀ կազմավորումից ամիսներ անց: Պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանի Հանրապետությունը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկիստանը և Ուզբեկստանը: Ավելի ուշ՝ 1993թ., պայմանագրին միացան Ադրբեջանը, Վրաստանը և Բելառուսը: Պայմանագիրն ուժի մեջ մտավ 1994թ. ապրիլի 20-ին՝ 5 տարի ժամանակահատվածով: 1999թ. մասնակից պետությունները Մոսկվայում ստորագրեցին լրացուցիչ արձանագրություն պայմանագիրը երկարաձգելու մասին, սակայն, Ռուսաստան չժամանեցին Ադրբեջանի, Վրաստանի և Ուզբեկստանի նախագահները, որոնք ավելի ուշ դա հիմնավորեցին տարբեր պատճառներով:

Պայմանագրի գործողության առաջին ժամկետում մասնակից պետություններն աչքի չէին ընկնում պայմանագրի շրջանակում անվտանգության համակարգ ստեղծելու ակտիվությամբ: Դա օբյեկտիվ պատճառներ ուներ, որովհետև ՀԱՊԿ-ի անդամ պետությունները նաև ԱՊՀ անդամ պետություններ էին, և ընդհանուր տպավորությունն ու մոտեցումն այն էր, որ ԱՊՀ շրջանակում պետք է ընթանա խորը ինտեգրացիա և՛ ռազմաքաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական ոլորտներում:

Ի սկզբանե ՀԱՊԿ-ը համարվում էր ԱՊՀ շրջանակում ռազմաքաղաքական խորը ինտեգրացիա ապահովելու կարևոր գործիք, բայց ժամանակը ցույց տվեց (և հատկապես 1998-1999 թվականներին ԱՊՀ-ում իրականացված բարեփոխումների արդյունքը), որ ԱՊՀ ոչ բոլոր պետություններն են ցանկանում խորը ռազմաքաղաքական ինտեգրացիայի գնալ: Պատճառներից մեկը հենց դա էր, որ ՀԱՊԿ մասնակից պետությունները 1999 թվականից հետո իննից դարձան վեցը, և խորը ինտեգրացիան սկսվեց ու այսօր էլ ընթանում է այդ վեց պետությունների միջև:

Հավաքական անվտանգության համակարգ ստեղծելուն ուղղված գործնական քայլեր մասնակից պետությունները ձեռնարկեցին 2000-ական թվականներից սկսած: Առաջին կարևոր քայլը 2000 թվականին Մինսկում հավաքական անվտանգության տարածաշրջանային մոդելի մասին որոշում ընդունելն էր: 2001 թվականի մայիսին հավաքական անվտանգության մասին պայմանագրի հավաքական անվտանգության երևանյան նստաշրջանի ժամանակ ստորագրվեց արձանագրություն հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման և գործառնության մասին, որն արդեն հստակ ուրվագծում էր հավաքական անվտանգության համակարգը:

Դիտեք նաև՝

Search