Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրենց առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկին (այսուհետ` ԱԱՊ բժշկին) ընտրած բնակչությանը տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է.
1) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալը
2) տնային կանչերի իրականացումը
3) անհետաձգելի ամբուլատոր բժշկական օգնությունն ամբողջ բնակչության համար` տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի և նեղ մասնագետների կողմից, բժշկական ցուցումների առկայության դեպքում,
4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության կազմակերպումը և ամբուլատոր բուժումը
5) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետի նշանակմամբ, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովումը,
6) հանրակրթական (պետական) դպրոցների և նախադպրոցական (պետական) ուսումնական հաստատությունների մանկավարժների, դաստիարակների և դայակների առողջական վիճակի պարբերական բժշկական քննությունները,
7) եթե բնակչի կողմից ԱԱՊ բժշկի ընտրություն չի կատարվել, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն կատարած առաջին իսկ այցի ժամանակ կարող է կատարել ԱԱՊ բժշկի ընտրություն և գրանցվել վերջինի մոտ, ակնկալելով պետության կողմից սահմանված հիմնական ծառայությունների փաթեթի ողջ ծավալը,
8) վարորդի թեկնածուների, վարորդական վկայական ունեցող անձանց բժշկական հավատարմագրումը ճանապարհային ոստիկանության գրավոր պահանջագրերի հիման վրա:
Ոչ բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններն են, որ բնակչության բոլոր խմբերին տրամադրվում են անվճար: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարի 2014թ-ի 47-Ն հրամանի 8-րդ կետը սահմանում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում 18 տարին լրացած անձանց համար իրականացվող վճարովի ծառայությունների ցանկը: Դրանք են՝
1) 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված անձանց համար` տնային պայմաններում բժշկի նշանակումով բուժքրոջ կողմից կատարվող միջամտությունները (վիրակապություններ, միջմկանային, ներերակային ներարկումներ և այլն),
2) տնային պայմաններում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,
3) առանց բժշկական ցուցումների և առանց համապատասխան ուղեգրման բժշկական խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, ինչպես նաև այն քաղաքացիների տնային կանչերը, որոնք ընտրել և գրանցվել են այլ պոլիկլինիկայում աշխատող առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ,
4) տվյալ պոլիկլինիկայում գործող այն նեղ մասնագիտական ծառայությունները, որոնք չեն մտնում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծավալներում և որոնց համար տվյալ պետական պատվեր չի տեղադրվել,
5) 18 տարին լրացած և ավելի բարձր տարիքի բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում չընդգրկված անձանց համար` ֆիզիոթերապևտիկ բժշկական օգնությունը: