Play Video
Պետության կողմից լեգիտիմ ուժի կիրառումը | Մարիա Կարապետյան

Ի՞նչ է բռնությունը։ Ըստ Յոհան Գալթունգի սահմանման, այն ոչ միայն մարդուն պատճառված ցավ, տառապանք կամ մահն է, այլև ցանկացած երևույթ, որ խոչնդոտում է մարդկային հիմնական կարիքների բավարարմանն ու իրավունքների իրացմանը։ 1969թ․ հոդվածում Գալթունգը սահմանում է բռնության երեք տեսակ՝ ուղղակի բռնություն, կառուցվածքային բռնություն և մշակութային բռնություն։ Ուղղակի բռնությունը հեշտ տեսանելի է․ կա բռնություն կիրառող կողմ՝ բռնարար, որը ֆիզիկական ուժի, խոսքի կամ հոգեբանական ներգործության միջոցներով ցավ, տառապանք կամ մահ է պատճառում զոհին։ Կառուցվածքային բռնությունը ենթադրում է սոցիալական ինստիտուտներ և պրակտիկաներ, որոնք խոչնդոտում են մարդու կարիքների բավարարմանն ու իրավունքների իրացմանը, սակայն, դժվար է որոշել՝ ով է բռնարար կողմը, քանի որ դրանք հաճախ ցրված են հանրության կառուցվածքի մեջ։ Կառուցվածքային բռնությունը սերտորեն առնչվում է հանրության՝ արդարության և հավասարության զգացումների հետ։ Կառուցվածքային բռնության օրինակ է խտրականությունը, անհավասար տնտեսական հնարավորությունները, կոռուպցիան, աղքատությունը, արտագաղթը։ Մշակութային բռնությունն, իր հերթին, բռնության այն տեսակն է, որն արդարացում ու հիմնավորում է գտնում կառուցվածքային բռնության համար՝ տարբեր թյուր պատկերացումների շրջանառման ձևով։

Ի՞նչ է պետությունը, և ո՞րն է պետության ու բռնության միջև կապը։ Պետությունը մարդկանց հանրային քաղաքական կյանքի կազմակերպման ձև է։ Շատ տարածված են ժամանակակից պետության՝ որպես հանրային դաշինքի կամ պայմանագրի մասին պատկերացումները, որոնք ձևակերպված են դեռևս Ժ․-Ժ․ Ռուսոյի և Թ․ Հոբսի կողմից։ Այս տեսությունը սահմանում է, որ մարդկային «բնական» վիճակը ենթադրում է բռնություն՝ բոլորի կողմից բոլորի դեմ, և դրանից դուրս գալու համար մարդիկ բանակցել և ստեղծել են ժամանակակից պետությունը՝ որպես հասարակական դաշինք այն մասին, որ մարդ իր իրավունքների մի մասը հանձնում է պետությանը՝ հանուն մյուս իրավունքների պաշտպանության։ Այս տեսությունը, մարդու իրավունքների տեսության հետ մեկտեղ, բյուրեղացել է Լուսավորության դարաշրջանում, որի ժառանգությունն ենք կրում նաև մենք։

Պետությունների առաջացման և բռնության զսպման միջև կապի մասին խոսել են ամերիկացի սոցիոլոգ Չարլզ Թիլլին և գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերը։ Նրանք գտնում են, որ ժամանակակից պետություններն առաջացել են, երբ միապետը տեղական իշխաններից վերցրել է սեփական զորք ունենալու իրավունքը և ստեղծել բանակ, ոստիկանություն և այլն։ Ստացվում է, որ պետությունը հանձն է առնում մարդկանց պաշտպանել արտաքին ու ներքին բռնությունից, իսկ բռնություն կիառելը դառնում է հանցանք՝ բացառությամբ անհրաժեշտ պաշտպանության։ Փաստորեն, մարդիկ և պետությունը հասարական դաշինքի միջոցով ապօրինի են հայտարարել ոչ միայն քմահաճությամբ, կամայականությամբ կատարված բռնությունը, այլև նույնիսկ կոնֆլիկտները բռնությամբ լուծելը և ինքնապաշտպանության համար ոչ անհրաժեշտ բռնությունը։ Գուցե պետության բացակայության պայմաններում սրանք համարվեին մարկային իրավունքներ, սակայն, պետության ստեղծման պահից այս գործիքակազմը դարձել է պետության մենաշնորհը։ Մարդիկ և պետությունն այս հասարակական դաշինքն աստիճանաբար դարձրել են սահմանադրություններ, ձևավորել են հանրային իշխանության մարմիններ, և ուստի այս մենաշնորհը լեգիտիմ է, քանի որ բխում է բանակցված հասարակական դաշինքից, իսկ, այնուհետև, նաև ընտրությունների և հանրաքվեների միջոցով ձևավորված փաստաթղթերից։

Լեգիտիմացված մենաշնորհը դադարել է կոչվել բռնություն կիրառելու մենաշնորհ և վերաձևակերպվել է որպես ուժի կիրառման լեգիտիմ մենաշնորհ։ «Բռնություն» եզրույթը օգտագործվում է ապօրինի գործողությունների նկատմամբ, իսկ պետության կողմից բռնության կիրառումը փիլիսոփայական տեսանկյունից համարում ենք ուժի կիրառում։

Պետության արդյունավետության և արդարության տեսանկյունից տեղի է ունեցել ևս մի տարանջատում։ Այն ուժերը, որոնք պատասխանատու են ուղղակի բռնության կանխման, զսպման և պատժման համար, առանձնացվել են քաղաքական համակարգից, իսկ հասարակության մեջ ներհյուսված կառուցվածքային բռնությունը պիտի լինի քաղաքական գործիչների հանձնառությունը։ Այս երկուսի միջև կապը տարանջատված է․ քաղաքական գործիչների «մենաշնորհն» է կառուցվածքային բռնությունը տեղորոշելը, վերծանելը և նվազեցման ձևերը հասկանալը՝ հասարակությունը վերակառուցելով այնպես, որպեսզի դրանում այլևս տեղ չգտնի կառուցվածքային բռնությունը։

Դիտեք նաև՝

Search