Play Video
Թեմա 6. Դատավարությունների տիպաբանությունը. Ռուբեն Մելիքյան

Ո՞րն է դատավարության նպատակը: Կա մոդել, որը ասում է՝ ես նպատակ ունեմ բացահայտելու ճշմարտությունը, և կա մոդել, որն ասում է՝ ես իմ առջև չեմ դնում ճշմարտությունը բացահայտելու նպատակ, իմ խնդիրը արդարացի ընթացակարգի սահմանումն է, և, չդնելով ճշմարտությանը հասնելու նպատակ, ես ավելի շատ եմ հասնում ճշմարտությանը, քան այն մոդելը, որն իր առջև դնում է այդպիսի նպատակ: Այս երկու տիպերը դատավարության միմյանց հետ փոխադարձ պայքարի մեջ են գտնվում, փոխադարձ բանավեճի, ինչն էլ միջազգային իրավունքի ասպարեզում հետաքրքիր լուծումներ ու դրսևորումներ է ստանում: Առաջին դատավարական տիպը՝ ճշմարտությունը՝ որպես դատավարության նպատակ համարող տիպը, ինկվիզիցիոն տիպի դատավարությունն է: Սակայն խնդիրը ոչ թե անվան մեջ է, այլ այն  նպատակի, որ հետապնդում է: Արևմտյան քաղաքակրթությունը ներկայացնող ժամանակակից պետություններից ամենահետևողական ձևով այս տիպաբանությունը իրացված է Գերմանիայում:

Հակառակ մոդելի պարագայում, որը կոչվում է դատավարության մրցակցային մոդել, շեշտադրվում է ոչ թե դատավարության նպատակը, որը ճշմարտության բացահայտումն է, այլ ընթացքը: Այս մոդելը տարածված է անգլոամերիկյան երկրներում, սակայն գնալով՝ ավելի լայն տարածում է ստանում:

Հետխորհրդային երկրների մեծ մասը դանդաղ կամ արագ ընթացքով անցում է կատարում ինկվիզիցիոն դատավարությունից, կամ ինչպես Գերմանիայում են կոչում՝ ի պաշտոնե քննության դատավարությունից դեպի մրցակցային դատավարություն:

Ինկվիզիցիոն դատավարությունը, հենց անվանումն էլ բացասական է տրամադրում, ուներ շատ լուրջ խնդիրներ: Օր.՝ այն մարդը, որը մեղադրվում էր, ոչ թե դատավարության սուբյեկտ էր, այլ դատավարության օբյեկտ էր: Նրա նկատմամբ էր իրականացվում դատավարություն, և նա, մեծ հաշվով, ասելիք չուներ, բացի մարդասիրություն, մեծահոգություն խնդրելուց և նմանաբնույթ այլ ոչ նյութական հնարավորություններից:

Դիտեք նաև՝

Search