Play Video
Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք | Եղիշե Կիրակոսյան

Անձնական և ընտանեկան կյանքի իրավունքն իր ամրագրումը ստացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Մինչ այդ պետությունների սահմանադրություններն անդրադառնում էին մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության առանձին տարրերին միայն, և որևէ պետության սահմանադրության մեջ այս իրավունքն ամբողջական տեսքով ամրագրված չէր։ Հետագայում իրավունքն ամրագրվեց նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայում:

Այս իրավունքի բովանդակությունը պարզելու համար անհրաժեշտ է քննարկել հետևյալ առանցքային հարցերը:

Ի՞նչ է նշանակում անձնական կյանք։ Ընդհանրական ձևակերպմամբ` անձնական կյանքի իրավունքը կյանքը մինիմալ միջամտությամբ ապրելու իրավունքն է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այս հասկացության բնորոշումը չի կարող սպառիչ լինել։ Այնուամենայնիվ, առաջին հերթին այն ներառում է անձի ֆիզիկական, հոգեբանական և բարոյական ամբողջականությունը, ինչը ենթադրում է, ի թիվս այլի, ցանկացած տեսակի բռնությունից պաշտպանություն: Անձնական կյանքը նաև ներառում է բազմաթիվ ոլորտներ, ինչպիսիք են վերարտադրողական իրավունքները, բուժում և բժշկական սպասարկում, հոգեկան հիվանդություններով տառապող անձանց պաշտպանություն,  շրջակա միջավայրի իրավունք, էֆթանազիա, սեռական կողմնորոշման և սեռական կյանքի իրավունք և այլն։

Ընտանեկան կյանքը ևս հանդիսանում է այս իրավունքի կարևորագույն բաղադրիչը: Ընտանեկան կյանքի առանցքն է կազմում միասին ապրելու իրավունքը։ Բնակարան կամ տուն հասկացությունը ևս պաշտպանվում է անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի շրջանակներում։ Այս իրավունքը ոչ միայն ներառում է բնակարանի/տան ֆիզիկական պաշտպանությունը, այլ նաև որակական կողմը։ 

Այս իրավունքի կարևորագույն մաս է հանդիսանում նաև նամակագրության անձեռնմխելիությունը։ Նամակագրություն հասկացությունը պետք է հասկանալ տեխնոլոգիական առաջընթացի կոնտեքստում, այսինքն` այն ներառում է ոչ միայն ինքնին թղթային նամակագրությունը, այլ նաև ցանկացած այլ էլեկտրոնային հաղորդակցության միջոց, հեռախոսային կապ և այլն։

Անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը թերևս այն իրավունքներից է, որը էական ազդեցություն է կրել տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում։ Նոր ժամանակներում այն առավել խոցելի է դարձել և վերաիմաստավորվել է տեխնոլոգիական աննախադեպ առաջընթացի հետևանքով։

Դիտեք նաև՝

Search