Կյանքի իրավունքին միջազգային իրավական մոտեցումներն իրենց պատմական ծագումնաբանությամբ մեծապես պարտական են 1215 թվականին Անգլիայում ստորագրված Ազատությունների մեծ խարտիային (Magna Carta Libertatum): Այն խռովարար բարոնների և միապետի միջև կնքված պայմանագիր էր, որն ուսումնասիրողներն անվանում են երեք L-երի պայմանագիր` life(կյանք), liberty(ազատություն) և land(հող, ունեցվածք): Այդ ժամանակներից ի վեր կյանքի իրավունքի գաղափարը զարգացել է և իր արտացոլումը գտել տարբեր միջազգային և ազգային փաստաթղթերում, ներառյալ` ԱՄՆ անկախության հռչակագիրը և ֆրանսիական հեղփոխության արդյունքում ձևավորված Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը:
Կյանքի իրավունքը ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից մեկն է: Ըստ այդ հոդվածի`
1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:
3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
Կյանքի իրավունքի վերաբերյալ սահմանադրական դրույթները վերաբերում են քաղաքացի-պետություն ուղղահայաց հարաբերություններին: Դրա շրջանակներում պետությունն ունի երկու տեսակի պարտականություններ.
Նեգատիվ` պետության կողմից կյանքի իրավունքին միջամտությունը բացառելու պարտականություն: Սա հիմնականում վերաբերում է պետության ներկայացուցիչների` մահաբեր ուժի կամայական կիրառումից ձեռնպահ մնալուն: Այսինքն` պետության ներկայացուցիչների կողմից մահաբեր ուժի կիրառման արգելքը բացարձակ չէ. բոլոր այն դեպքերում, երբ այն ուղղված է սահմանադրորեն ամրագրված նպատակներին և խստիվ պահպանում է համաչափության կանոնները, չի համարվում կյանքի իրավունքի խախտում: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածում ուրվագծված են այդ իրավաչափ նպատակները` այլոց անօրինական բռնությունից պաշտպանելը, օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա կալանավորված անձի փախուստը կանխելը և 1949 թվականի ընկալումների համաձայն` խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելը: Բայց նույնիսկ բոլոր այս դեպքերում կարևոր բաղադրիչը բացարձակ անհրաժեշտությունն ու համաչափությունն է:
Պոզիտիվ. պետության կողմից կյանքի իրավունքի պատշպանությանը միջամտելու պարտականություն: Սա ենթադրում է այնպիսի օրենքների ընդունումը (օրինակ` Քրեական օրենսգիրքը), որոնք ուղղված են կյանքի իրավունքին ապօրինի միջամտության դեպքում մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելուն, և այնպիսի գործադիր մեխանիզմների նախատեսումը, որոնք կապահովեն օրենսդրական պահանջների իրագործումը` իրավապահ համակարգ, արդարադատության համակարգ: