Play Video

Առողջությունը մարդու իրավունքների և արժանապատիվ կյանք վարելու կարևորագույն բաղադրիչներից է։ Առողջության իրավունքը մարդու իրավունքների արդի համակարգում առաջին անգամ ամրագրվել է 1946 թվականին՝ Առողջության համաշխարհային կազմակերպության սահմանադրությամբ, որտեղ հստակ նշված է, որ հոգեկան և ֆիզիկական առողջության հնարավոր հասանելի մակարդակից անխտրական օգտվելու իրավունքը մարդու իրավունքների կարևոր բաղադրիչներից է։

Ըստ ԱՀԿ-ի՝ առողջությունը լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ է, այլ ոչ թե պարզապես հիվանդությունների կամ ֆիզիկական թերությունների բացակայություն։ Առողջության իրավունքն իրականում շատ բազմաբովանդակ և բազմակողմանի է։ Առաջին հայացքից թվում է, թե դա առողջապահական հաստատություններից, ծառայություններից օգտվելու իրավունքն է, սակայն առողջության իրավունքը ենթադրում է նաև այլ բազմատեսակ բարիքներից օգտվելու հնարավորություն։ Այդ բարիքները արձանագրվել են նաև «Տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրում՝ որպես որոշիչներ։ Դրանց մեջ ներառվում են որակյալ խմելու ջուրը, որակյալ սնունդը, բավարար սննդակարգը, բավարար սանիտարահիգիենիկ պայմանները, բավարար և առողջ աշխատանքային միջավայրը և շրջակա միջավայրը, առողջության վերաբերյալ տեղեկատվություն և կրթություն ստանալու իրավունքը, ինչպես նաև գենդերային հավասարությունը։

Առողջության իրավունքը ներառում է նաև ազատություններ և առողջության ապահովման համար տարբեր ծառայությունների կառուցակարգերի և համակարգերի առկայություն։ Ազատությունների և իրավունքների մեջ դիտարկվում են համաձայնությունը, ինքնավարությունը, սեփական մարմնի և առողջության վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատությունը, հարկադրանքից, խոշտանգումներից, վատ և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, տեղեկատվության ազատությունը, գաղտնիության պահպանման իրավունքը և այլն։

Կառուցակարգերի և համակարգերի շրջանակներում առողջության իրավունքը ենթադրում է, որ պետք է լինեն բավարար առողջապահական ծառայություններ, որոնք հնարավորություն կտան հիվանդությունները բուժելու, կանխարգելելու և կառավարելու։ Պետք է լինեն այնպիսի կառուցակարգեր, որ անձանց հիմնական, որակյալ դեղորայքից օգտվելու հնարավորություն կտան։ Այս ամենը կարելի է ամփոփել առողջապահական ծառայությունների և առողջության իրավունքի հիմնական չորս սկզբունքների շրջանակներում՝

  • առողջապահական ծառայությունների հասանելիությունը;
  • առողջապահական ծառայությունների մատչելիությունը;
  • առողջապահական ծառայությունների ընդունելի լինելը;
  • առողջապահական ծառայությունների որակը։

Դիտեք նաև՝

Search