Play Video
Արդար դատաքննության իրավունքը | Դավիթ Խաչատուրյան

Արդար դատաքննության իրավունքը, ընդհանրական ձևակերպմամբ, անձի դատարան փնտրելու և գտնելու իրավունքն է, ինչպես նաև դատարանի առջև կանգնելու պարտականությունը: Այսինքն` դատարանը ոչ միայն մեղադրյալի արդար դատաքննության իրավունքի հասցեատերն է, այլև տուժողի: Որպես մարդու արդար դատաքննության իրավունքի հասցեատեր` դատարանը պետք է օժտված լինի մի շարք հատկանիշներով, որոնք ամրագրված ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածում:

Օրենքի հիման վրա ստեղծված լինելը: Համընդհանուր մակարդակում սա նշանակում է, որ դատարանն արտակարգ դատարան չէ, նախատեսված է օրենքով, և այնտեղ աշխատող դատավորը նշանակված է օրենքին համապատասխան: Օրինականության հատուկ մակարդակում գործում են ընդդատության կանոնները. որպեսզի դատարանը համարվի օրինական, այն պետք է իրավասու լինի տարածքային և առարկայական ընդդատության կանոններին համապատասխան քննելու տվյալ գործը: Եվ եզակիի մակարդակում` դատավորը, որը պատշաճ կերպով նշանակված է դատավորի պաշտոնում, աշխատում է տվյալ գործի նկատմամբ տարածքային և առարկայական իրավասություն ունեցող դատարանում, արդյո՞ք կարող է լինել դատավոր տվյալ կոնկրետ գործով: Այստեղ առաջ են գալիս դատավորի բացարկի և ինքնաբացարկի ինստիտուտները:


Լիազորված լինելը իրեն ընդդատյա ցանկացած հարցով կայացնելու պարտադիր կատարման ենթակա որոշում: Լիազորվածության բանաձևը հետևյալն է. եթե գոյություն ունի օրենքով ստեղծված դատարան, և այս հարցը ենթակա է դատարանի քննության, ապա այդ հարցը նաև վերջնական լուծման ենթակա է հենց այդ դատարանի կողմից և ոչ թե այլ մարմնի: Իրավաճանաչողական առումով լիազորված լինել նաև նշանակում է իրավասու լինել կայացնելու մեկից ավելի որոշում:

Մատչելի լինելը. հրապարակայնություն և դատամատչելիություն: Սրանք միջամտելի իրավունքներ են, այսինքն` ենթակա են սահմանափակման Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված լեգիտիմ շահերի առկայության դեպքում: Արդարադատության մատչելիության տեսանկյունից` բավարար չէ ապահովել սոսկ փաստաթղթերի տրամադրումը և գործողությունների հրապարակումը: Անհրաժեշտ է, որ բովանդակային առումով մեղադրյալին ընկալելի լինի այս կամ այն փաստաթուղթը կամ գործողությունը:

Անկախություն. դատարանն անկախ է օրենքը մեկնաբանելիս և օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս: Ինստիտուցիոնալ առումով շատ կարևոր է դատարանի անկախությունը օրենսդիր և գործադիր իշխանություններից, քանի որ դատարանի լեգիտիմությունն ու առաքելությունը կայանում է հենց նրանում, որ այն կանգնի պետության և մասնավոր անհատի միջև և որոշի, թե արդյոք սահամանափակումը (թեկուզ մեծամասնության շահերից բխող) տեղի է ունեցել այնպիսի ճանապարհով, որը համատեղելի է ժողովրդավության հետ:

Բացի դատարանի հատկանիշներից` արդար դատաքննության իրավունքի ապահովման համար շատ կարևոր են մրցակցային դատավարության իրավունքի, զենքերի հավասարության, անմեղության կանխավարկածի, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված` մեղադրյալի իրավունքների ապահովումը:

Դիտեք նաև՝

Search