ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է յուրաքանչյուր անձի՝ իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը, և որ յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:
Մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մարմինները դատարաններն են։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն գործում է եռաստիճան դատական համակարգ՝ առաջին ատյանի դատարաններ, վերաքննիչ դատարաններ և վճռաբեկ դատարան։ Սահմանադրական վերահսկողություն իրականացնող բարձրագույն մարմինը ՀՀ Սահմանադրական դատարանն է։
Դատական մարմինների հետ միասին մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևորագույն տարրերից է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական ինստիտուտը։ Մարդու իրավունքների պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման և մարդու իրավունքների և ազատությունների խախտումները կանխարգելելու տեսանկյունից կարևորագույն դեր են կատարում ՀՀ դատախազությունը, քննչական մարմինները և ՀՀ ոստիկանությունը։
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմինների համակարգը բազմաշերտ է։ Խոսքը գնում է թե Միավորված ազգերի կազմակերպության մասին, և թե տարածաշրջանային կազմակերպությունների մասին, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է։
ՄԱԿ-ի համակարգում գործում են բազմաթիվ մեխանիզմներ, որոնք օժտված են մարդու իրավունքների պաշտպանության մանդատով։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում պետք է առանձնացնել Արդարադատության միջազգային դատարանը, որպես յուրօրինակ մեխանիզմ, որը նախատեսված է որպես պետությունների միջև վեճի կարգավորման դատարան՝ մարդու իրավունքների մասին մի շարք կոնվենցիաներով։
Իհարկե, ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնական, և թերևս ամենաարդյունավետ մարմինը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, որը գործում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի հիման վրա։ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական կոնվենցիային անդամակցում է 2002թ․-ից։ Այդ պահից ի վեր յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմել Եվպորական դատարան՝ Հայաստանի Հանրապետության ներպետական դատական պաշտպանության մարմինները սպառելուց հետո։