Ազգային անվտանգության ոլորտի համակարգվածության, որոշակի սկզբունքներին և ազգային կարիքներին համապատասխանության համար անհրաժեշտ է մշակել մի շարք հայեցակարգային փաստաթղթեր, որոնց հիմնական օղակներն են`
- Ազգային անվտանգության տեսլականը,
- Ազգային անվտանգության քաղաքականությունը,
- Ազգային անվտանգության ռազմավարությունը,
- Անվտանգության հաստատությունների բարեփոխումների ազգային ծրագիրը կամ ռազմավարությունը,
- Ոլորտային ծրագրերը, օրինակ` պաշտպանության, ոստիկանության,
- Պաշտպանական ոլորտի դեպքում` ռազմական դոկտրինան:
Այս փաստաթղթերն ուղղված են քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Դրանք օրինականացնում են պետության անվտանգային հաստատությունների գործունեությունը թե՛ ներքին լսարանի, թե՛ միջազգային հանրության համար, ամրապնդում են անվտանգային ոլորտի հանդեպ վստահությունը:
Թվում է, թե այս փաստաթղթերի զարգացումն ու մշակումը պետական գործառույթ է, սակայն եթե դրանք մշակվեն բացառապես պետության կողմից` առանց հանրության, քաղաքացիական հասարակության հետ քննարկման, արդյունքում կարող են չարտացոլել քաղաքացիների կարիքներն ու շահերը, այլ ծառայել զուտ իշխանությունների, կառավարող էլիտայի անվտանգային կարիքներին: Այս փաստաթղթերը ոչ մի դեպքում չպետք է լինեն զուտ մեկ քաղաքական ուժի կուսակցական ծրագրեր: Դրանք պետք է քննարկվեն տարբեր քաղաքական խմբերի և քաղաքացիական հասարակության հետ և լինեն փոխզիջումային լուծումների արդյունք: