Play Video
Ժողովրդավարության իրավունք | Վահե Գրիգորյան

ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը Հայաստանի Հանրապետությունը հռչակում է ժողովրդավարական պետություն, իսկ երկրորդ հոդվածով նախատեսված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և իրականացվում է Սահմանադրությամբ նախատեսված մարմինների, ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով: Այսինքն` ժողովրդավարությունն այն քաղաքական ռեժիմն է, որտեղ ղեկավարը կամ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է` մարդկանց կամավոր ժողովը, որոնք միաբանվել են Սահմանադրության անփոփոխ դրույթներում ամրագրված ընդհանրական նպատակների շուրջ:

Սահմանադրական ժողովրդավարությունը ենթադրում է, որ իշխանությունը բացարձակ չէ, նույնիսկ եթե պատկանում է ժողովրդին: Իշխանության սահմանափակումները երկու հարթության են`

1. Մարդու ազատություն և արժանապատվություն. ժողովուրդը չունի ստանձնված միջազգային պարտավորություններով նախատեսված ազատությունները ձևախեղելու իրավունք:

2. ՀՀ որակին վերաբերող կարգավորումներ. ժողովուրդը չունի իրավունք ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավար, իրավական և սոցիալական որակները, ժողովրդի` որպես իշխանության միակ աղբյուրի կարգավիճակը փոփոխելու, ինչպես նաև չունի Սահմանադրության նախաբանի և մարդու, նրա արժեքի և իրավունքների վերաբերյալ երրորդ հոդվածի նկատմամբ իշխանություն:

Սահմանադրության անփոփոխ դրույթներն ամրագրելով` ՀՀ առաջին սահմանադիրը պաշտպանել է ՀՀ ժողովրդավարական բնույթն առաջին հերթին հենց ժողովրդից: Փաստացի` ժողովրդավարությունը մեծամասնության սանձված իշխանությունն է:

Ինքին ժողովրդավարության իրավունքը բառացի որևէ ձևակերպում չի ստացել ՀՀ Սահմանադրության մեջ: Ժողովրդավարության իրավունքը որպես կանոն վերաբերում է քաղաքական իրավունքներին` արտահայտվելու ազատությունը, հավաքների, կրոնի ազատությունը, ինչպես նաև բոլոր այն իրավունքները, որոնք հնարավոր են դարձնում քաղաքական ազատությունների արդյունավետ պաշտպանությունը: Ժողովրդավարության իրավունքի համախմբի մեջ գլխավոր և առանցքային դեր ունի ազատ ընտրության իրավունքը: Այսինքն` ժողովրդավարության իրավունքը` որպես անհատական իրավունք, բոլոր այս անհատական իավունքների համախումբն է: Բայց ժողովրդավարությունն ինքնին որպես իրավական իրողություն առաջնային կարևորություն ունի մնացած բոլոր անհատական հիմնական իրավունքների սահմանափակման համարժեքության գնահատման համար:

Դիտեք նաև՝

Search