Play Video

Մարդու արժանապատվությունից բխող բացարձակ իրավունքները սահմանափակման ենթակա չեն և երեք հիմնական առանձնահատկություն ունեն`

  • Լեգիտիմ որևէ շահ չի կարող արդարացնել այդ իրավունքներին պետության միջամտությունը, օրինակ` մարդուն կյանքից ապօրինի զրկելը, նրան խոշտանգելը կամ այլ անմարդկային վերաբեմունքի ենթարկելը, ստրկության մեջ պահելը և այլն:
  • Այս իրավունքների ցանկացած սահմանափակում արդեն իսկ իրավունքի խախտում է:
  • Ի տարբերություն սահմանափակելի իրավունքների` խոշտանգման բացարձակ արգելքի խախտման դեպքում ապացույցի անթույլատրելի լինելը բացառում է արդարացի դատաքննության իրավունքի իրականացված լինելը:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո պետությունը ստանձնում է բացարձակ իրավունքների ապահովման նեգատիվ և պոզիտիվ պարտավորություններ: Նեգատիվ պարտավորությունների շրջանակում պետությունը պետք է ձեռնպահ մնա որոշակի գործողություններ կատարելուց, օրինակ` չնախատեսի մահապատիժ, իր ներկայացուցիչները և պաշտոնատար անձինք չիրականացնեն խոշտանգում և այլն: Իսկ պոզիտիվ պարտավորությունները ենթադրում են պետության որոշակի ակտիվություն, քայլերի ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են բացարձակ իրավունքների ապահովման համար: Մասնավորապես`

  • Պետությունը պարտավոր է քրեականացնել բացարձակ իրավունքների առավել ծանր խախտումները` միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխան, և նախատեսել պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
  • Պետությունը պետք է ապահովի այնպիսի միջոցներ, որոնք կկանխեն խոշտանգումը կամ այլ անմարդկային վերաբերմունքը. սրա շրջանակում քննարկվում է` արդյոք պետությունը իմացել է կամ պետք է իմանար խոշտանգման վտանգի մասին, արդյոք պետությունը բավարար ջանքեր է գործադրել խոշտանգման վտանգի նյութականացումը, այսինքն՝ փաստը կանխելու համար, իսկ փաստի առկայության դեպքում՝ արդյոք պետությունը իրականացրել է հանցագործությունը բացահայտելուն և մեղավորներին հայտնաբերելուն ուղղված արդյունավետ քննություն:
  • Պետությունը պարտավոր է խոշտանգման համար մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ բավականաչափ զսպող և նոր դեպքերի կրկնությունը կանխելուն ունակ քրեական պատիժներ նշանակել և ապահովել խոշտանգման զոհերին իրենց կրած նյութական և բարոյական վնասի համար հատուցման տրամադրումը՝ անգամ այն դեպքերում, երբ չնայած խոշտանգման փաստի առկայությանը, հանցագործությունը չի բացահայտվել կամ դրանում մեղադրված անձը արդարացվել է:

Դիտեք նաև՝

Search