Play Video

Ըստ հույն փիլիսոփա Պրոտագորասի` մարդն է չափը բոլոր իրերի, մարդը և նրա կարծիքն են բնորոշում բնության մեջ ֆիզիկապես գոյություն ունեցող իրերը, երևույթները, ինստիտուտները` որպես գոյություն ունեցող կամ գոյություն չունեցող: Աշխարհի անձնակենտրոն ընկալումը ենթադրում է, որ պետությունը և այլ կազմավորումները գոյություն ունեն ոչ թե մարդու հետ զուգահեռ, այլ նրա գիտակցության մեջ` որպես սուբյեկտիվ իրականություն: Հենց սրանից է բխում պետական ինստիտուտների հասցեատիրության կոնցեպցիան:

Պետության, իրավունքի, դատարանի մասին գիտելիքը մարդուն տրված է ապրիորի` բնազդով. երբ մարդը տեսնում է, որը դատարանը անարդար է վարվում, ոչ թե եզրահանգում է, որ դա վատ դատարան է, այլ որ ընդհանրապես դատարան չկա, նույնիսկ եթե երբեք չի տեսել, թե ինչպես է այլ վայրերում իրականացվում արդարադատությունը: Ժամանակակից իրավագիտության մեջ պրոտագորասյան մարդը վերածվել է այն ողջամիտ դիտորդին, որը որոշում է, թե արդյոք ողջամիտ է դատաքննության ժամկետը, արդյոք հիմնավոր էր կասկածը` անձին կալանավորելու համար, արդյոք դատավորը այս կամ այն գործով կարող է հանդես գալ որպես այդպիսին, արդյոք ողջամիտ է պնդել` նա անաչառ է, թե ոչ և այդպես շարունակ:

Ըստ Արիստոտելի` մարդը, որպես սոցիալական էակ, քաղաքական կենդանի, ունի իր նմանների հետ շփվելու կարիք: Այդ բնազդի ուժով նա ստեղծում է ընտանիք, համայնք, ապա պետություն, իսկ ներկայումս՝ նաև պետությունների միություն՝ ի դեմս Եվրոպական Միության, ձգտելով բավարարել անվտանգության, ազատության, արդարության, գաղափարներ ու տեղեկություններ ստանալու ու տարածելու բնական պահանջմունքները: Հենց այդ պահանջմունքների բավարարմանն է ուղղված պետական ինստիտուտների ստեղծումը, պետության և դատարանի՝ զուտ մարդու իրավունքների նկատմամբ հասցեատիրության ուժով գոյություն ունենալու փաստը:

Դիտեք նաև՝

Search