21-րդ դարում անվտանգային մարտահրավերները բազմավեկտոր և բազմաշերտ են, չեն սահմանափակվում միայն արտաքին գործոններով: Արտաքին և ներքին մարտահրավերների, գլոբալ իմաստով անվտանգության մասին խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ նաև իրավական գործոններին:
Դարերի ընթացքում շատ մտածողներ, պետական պաշտոնատար անձինք աշխատել են այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է ձևավորել հարատևությանը ձգտող և անվտանգային միջավայր ապահովող պետականություն: Եվ գրեթե բոլորը հանգել են մի պարզ ճշմարտության, որ անվտանգային միջավայր կարելի է ձևավորել բացառապես իրավական բարձր մշակույթ ունեցող հասարակություններում` այդ կերպով նաև ձևավորելով իրավական բարձր մշակույթ կրող պետականություն:
Իրավական մշակույթը կոնկրետ հասարակության, հանրույթի իրավական կյանքի որակական վիճակն է, որն արտահայտվում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգևոր և այլ հնարավոր կառուցվածքներով: Իրավական մշակույթը պայմանավորվում է երեք հիմնական գործոնով`
- Իրավագիտակցություն` իրավական հոգեբանություն, գաղափարախոսություն, իրավական գիտելիքներ
- Իրավական գործունեություն` իրավաստեղծագործություն, իրավակիրառ և իրավապահպան գործընթացներ
- Օրեսնդրական կամ իրավական ակտերի համակարգի որակ