Play Video

Եթե եվրոպական տարածաշրջանում անձին առաջին անգամ ազատությունից զրկելու համար առնվազն առանձնապես ծանր հանցագործությունների պայմաններում բավարար է հիմնավոր կասկածը այն բանում, որ նա կատարել է իրեն վերագրվող արարքը, ապա մեր օրենսդրությունը նախատեսեց, որ ոչ միայն երկարացման, այլև սկզբնական կալանքի համար անհրաժեշտ է, որպեսզի հիմնավորվի, որ անձը կարող է կա՛մ փախուստի դիմել, կա՛մ նոր հանցանք կատարել, կա՛մ կարող է ոչ իրավաչափ ներգործություն ունենալ քննության ընթացքի նկատմամբ:

Ամբողջ խնդիրն այն է, թե մենք ինչ ենք ուզում. արդյո՞ք մենք ուզում ենք ունենալ լավ քրեադատավարական տեսություն, թե՞ լավ քրեական դատավարություն: Եթե մենք ուզում ենք ունենալ լավ քրեադատավարական տեսություն, ապա այն տեսությունը, որ մեզ մոտ ամրագրված է, շատ ավելի լավն է, քան արևմուտքում գործող տեսությունը, սակայն եթե մենք ուզում ենք ունենալ քրեադատավարական գործությունեություն կամ պրակտիկա, ապա այնքան էլ կիրառելի չի:

Խորհրդային դատավարագիտության ամենակարևոր պրոբլեմներից մեկն այն էր, որ անձը հաճախ հրավիրվում և հարցաքննվում էր որպես վկա, և արդյունքում շատ երկար ժամանակ հետո միայն նրան տրվում էր մեղադրյալի կարգավիճակ: Սա, իհարկե, տարբերվում է առկա տեսությունից, բայց լուրջ պրակտիկ խնդիր էր: Իհարկե, սա թույլատրելի լինել չի կարող, որովհետև եթե պետությունը ունի կասկած, ապա անձին չի կարող հարցաքննել որպես վկա, բայց կարող է առանց անձի կյանքին միջամտելու, համապատասխան երաշխիքներ ստանալով, նրան վերցնել վերահսկողության տակ: Միացյալ Նահանգների և եվրոպական դատավարական ժամանակակից փորձը, արդյունավետ փորձը վկայում է, որ հատկապես կազմակերպված հանցավորության դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել բացառապես այս պայմաններում:

Ժամանակակից մեր քրեական դատավարությունը ընդունելի է համարում այն, երբ անձը մինչդատական վարույթի ընթացքում քննիչի առջև տալիս է որոշակի խոստովանական ցուցմունք, հետո դատարանում հրաժարվում է դրանից, ընդ որում դա կարող է լինել ցանկացած պայմաններում՝ հրաժարում, որովհետև անձի նկատմամբ կիրառվել է ճնշում կամ դա կարող է լինել փաստաբանական տակտիկական հնարք:

Դիտեք նաև՝

Search