Play Video

Մարդու իրավունքների տեսակետից կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար անհրաժեշտ է օրենքների որոշակիություն և կանխատեսելիություն, ինչպես նաև վերոնշյալ օրենքների կիրառման արդյունքում կայացվող որոշումների կանխատեսելիություն։

Ամենալայն ձևակերպմամբ՝ կոռուպցիան հնարավոր է այն դեպքերում, երբ որոշում կայացնողի համար օրենքով ստեղծված է այլընտրանքների այնպիսի հնարավորություն, որը թույլ է տալիս նրա հայեցողությունը վերածել կամայականության: Այս առումով անհրաժեշտ է ամբողջ ՀՀ օրենսդրության մեջ կատարել փաստակազմերի տրոհում՝ նեղացնելով նույն փաստերի առկայությամբ հնարավոր որոշումների շրջանակը:

Մյուս կողմից, քանի որ հնարավոր չէ բոլոր իրավիճակները ներկայացնել անգամ իրավական որոշակիության պահանջներին բավարարող օրենքում, անհրաժեշտ է երաշխիքներ ստեղծել իրավակիրառ գործունեության միասնականությունն ապահովելու համար՝ իրականացնելով այդ որոշումների մշտադիտարկում և պարտավորեցնելով պաշտոնյաներին համանման փաստական հանգամանքների պարագայում բոլոր դեպքերում կայացնելու նույն որոշումները: Այդ պահանջները նախատեսված են թե՛ այլ երկրների, թե՛ ՀՀ օրենսդրությամբ և բխում են ՀՀ միջազգային պարտավորություններից:

Կոռուպցիոն ռիսկերը գրավում են կոռուպցիոն հակումներ ունեցող մարդկանց: Այս առումով կոռուպցիայի դեմ պայքարի գործուն միջոցներից է երկրում որոշումներ կայացնողների բարեվարքության ստուգումը։ Վերջապես, կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը ապահովելն է, որպեսզի կոռուպցիոն վարքագիծը լինի «անիմաստ», այն է՝ որպեսզի կոռումպացված անձը չկարողանա օգտվել կոռուպցիայի պտուղներից՝ գիտակցելով, որ կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված անմիջական և ածանցյալ գույքը վաղ թե ուշ բռնագանձվելու է՝ անկախ դրան փաստացի տիրապետելու ժամկետի տևողությունից: Այս ուղղությամբ կարող են կիրառվել միջազգային իրավական գործիքներ, մասնավորապես՝ օրինական եկամուտով չբացատրված գույքի առկայությունը որպես նախորդող՝ կոռուպցիոն կամ այլ հանցագործության ապացույց օգտագործելը:

Դիտեք նաև՝

Search