Հայաստանում կա մի ավանդույթ, որի համաձայն կրտսեր որդին է ժառանգում տունը` չնայած նրան, որ ըստ օրենքի ներկայիս կարգավորման` ծնողների մահվան դեպքում ժառանգությունը հավասարապես բաժանվում է բոլոր զավակների միջև։ Մարդիկ հաճախ անվանափոխում են տունը իրենց կրտսեր տղայի անունով, կտակ են կազմում, կամ մյուս ժառանգներն են հրաժարվում իրենց բաժին ժառանգությունից։ Մարդիկ տարբերվող գործելակերպ են որդեգրում, փոխում իրենց վարքագիծը։ Երբեմն կրտսեր որդու կողմից տունը ժառանգելու գաղափարի հիմքում այն է, որ հենց նա է ամենավերջինը հեռանում տնից կամ կարող է նաև մնալ և հոգ տանել ծերացող ծնողների մասին. այստեղ կա փոխանակման տարր։ Մարդու իրավունքի հիմքում նույնպես փոխանակումն է։
Մարդիկ ցանկանում են, որ իրենց կյանքն արժևորվի, անձնական անձեռնմխելիություն են ցանկանում։ Այդ պատճառով նրանք փոխում եմ իրենց վարքագիծը, որպեսզի իրավունքը, որը հարգում է արժանապատվության հիմնարար ասպեկտը, գոյություն ունենա։ Հարգելով ուրիշի իրավունքը` հավաստիանում ենք, որ իրավունքը գոյություն է ունենալու այն ժամանակ, երբ մենք դրա կարիքն ունենանք։ Այն մի վերացական հասկացություն է, որը մենք` որպես հասարակություն և որպես մշակույթ, համաձայնել ենք արժևորել և հարգել։ Եվ ըստ անհրաժեշտության կարող ենք ապավինել դրան, որովհետև բոլորս համաձայնել ենք, որ այն գոյություն ունի։
Իրավունքի գոյության համար վտանգ է ներկայացնում խաբեությունը. այն իմաստազրկում է համակարգը, իմաստազրկում է իրավունքը։ Երբ օգուտ են քաղում այլոց իրավունքերը ոտնահարելով` այդ իրավունքը թուլանում է, սկսում է ավելի քիչ գոյություն ունենալ իրականության մեջ, քանի որ մարդիկ դրան այլևս չեն հավատում։ Որպեսզի խաբեբաները պատասխանատվության ենթարկվեն, մենք պետք է տեղյակ լինենք խաբեության մասին։ Եվ այստեղ է, որ անհրաժեշտ է թափանցիկության ապահովումը: Պետք է բացահայտել կոռուպցիան, պետք է բարձրաձայնել անարդարության մասին, պետք է պաշտպանել այլոց իրավունքները, որովհետև որքան հաճախ է որևէ մեկի իրավունքը պաշտպանվում, այդքան այդ իրավունքն ավելի ամուր է դառնում, այնքան այդ գաղափարն ավելի վստահելի է դառնում հասարակության համար։