Play Video

Ատելության հիմքով հանցագործություններ են համարվում քրեական օրենսդրությամբ արգելված այն արարքները, որոնք կատարվել են որևէ անձնական կամ սոցիալական հատկանիշով առանձնացող անձանց նկատմամբ՝ ատելության, թշնամանքի, անհանդուրժողականության շարժառիթով պայմանավորված։

Ատելության շարժառիթով կատարված հանցագործություններն ուղղված են ոչ միայն անհատի, այլ նաև համայնքի դեմ, հետևաբար դրանց հետևանքները կրում են նախ և առաջ անձամբ տուժողը, այնուհետև՝ նույն հատկանիշով տարբերվող համայնքը, և ի վերջո՝ հասարակությունը, որում փաստացի առկա է անհանդուրժողականություն որոշակի հատկանիշներով տարբերվող անձանց միջև։ Հասարակության տարբեր խմբերի միջև անհանդուրժողականությունը և ատելությամբ պայմանավորված ագրեսիվ վարքը կարող է հանգեցնել ներդաշնակության կորստի, ինչի արդյունքում անհատների և հասարակության խմբերի համագործակցությունը՝ մեկ ընդհանուր նպատակի հասնելու և հասարակության ընդհանուր շահին ծառայեցնելու համար, կարող է ձախողվել։ Ատելության հիմքով հանցագործությունների խորը ուսումնասիրությունը կվկայի, որ նման լայնածավալ, համակարգային խնդիրները սպառնալիք են ընդհուպ մինչև պետության ազգային անվտանգությանը, հետևաբար դրանց դեմ պայքարը պետք է տարվի շարունակական և արդյունավետ կերպով։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրության համաձայն՝ քրեական պատասխանատվություն ենթադրող արարքը անձի կամ անձանց խմբի որևէ հատկանիշով պայմանավորված ատելության հողի վրա կատարված լինելը համարվում է ծանրացնող հանգամանքներում կատարված հանցագործություն և կարող է հանգեցնել առավել խիստ պատասխանատվության և պատժի։

Ատելության հիմքով հանցագործություններից պետք է տարանջատել ատելության խոսքը, որը թեև փոխկապակցված է և որոշ դեպքերում նաև գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ նախորդի հետ, կարիք ունի օրենսդրական հասցեավորման առանձին գործիքակազմի՝ ելնելով դրա վտանգավորության աստիճաններից և տարաբնույթ դրսևորումներից։

Ատելության խոսքի առավել ծանր դրսևորում է համարվում անձի կամ անձանց խմբի նկատմամբ նրանց որոշակի անձնական կամ սոցիալական հատկանիշով պայմանավորված խտրկանության և բռնության կոչերը։ Միևնույն ժամանակ, ատելության խոսքը հաճախ չի համարվում քրեական պատասխանատվություն ենթադրող արարք՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով, ինչպիսիք են դրա տարածման շրջանակը, միջոցը, հեղինակի ինքնությունը, լսարանը, բովանդակությունը։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությամբ ևս նախատեսված է միայն ատելության խոսքի առավել ծանր դրսևորումը՝ բռնության հրապարակային կոչերն ու դրանց արդարացումը, ջատագովումը։ Ատելության խոսքի ոչ ծանր դրսևորումները ևս կարող են մարդու իրավունքների խախտում համարվել և պետք է պետության կողմից համապատասխան գնահատական ստանան՝ կանխելու համար անհանդուրժողականության առավել վտանգավոր դրսևորումները։

Դիտեք նաև՝

Search