Մտքի, խղճի և կրոնի ազատությունը և՛ միջազգային, և՛ ազգային մակարդակում բազմաթիվ սահմանադրական ժողովրդավարությունների կողմից ընդունված է որպես ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը։ Կրոնի ազատության, դրա կառուցակարգերի, իրավական և գաղափարական կոնցեպտների զարգացումը պատմական հայացքով դիտարկելիս պարզ է դառնում, որ մյուս երկու կարևոր քաղաքական ազատությունները՝ արտահայտվելու ազատությունը և հավաքների և միավորումների ազատությունը, պատմականորեն ձևավորվել են կրոնի ազատության համար մղված պայքարում։ Առհասարակ կրոնի ազատությունը մարդկության մեծագույն ձեռքբերումներից է․ երևի թե չկա որևէ այլ քաղաքական ազատություն կամ իրավունք, որին հասնելու ճանապարհն այդքան արյունալի է եղել։ Բազմաթիվ պատերազմների հիմնական պատճառներից մեկը հենց կրոնի ազատության ոչ բավարար աստիճանն էր և դրա նկատմամբ անհանդուրժողականությունը։
Սահմանադրական որևէ ժողովրդավարություն չի հասել «կրոն» հասկացության սպառիչ և ավարտուն իրավական սահմանմանը․ այն զարգացող և հարահոս երևույթ է, հընթացս իրավունքի զարգացմանը վերամեկնաբանվում և վերասահմանվում է՝ ըստ կոնկրետ պահի սոցիալական իրողությունների և պատկերացումների։ Պատմականորեն կրոնի ազատությունը ձևավորվել է որպես կրոնական համոզմունքները, պատկերացումները միանձնյա կամ այլոց հետ համատեղ դավանելու ազատություն։ Չնայած կրոնի ազատությունը ավելի շատ կրոնական հակվածության իրողություն է, այն միայն այս կամ այն կրոնական կայունության աստիճան ունեցող համոզմունքների ու հավատալիքների համակարգը չի պաշտպանում․ այս իրավունքի պաշտպանությունից հավասարապես օգտվում են աթեիստները, ագնոստիկները, առհասարակ կրոնական որևէ հավատալիքային համակարգ կամ դրա հետ առնչությունը հրապարակավ մերժող անձինք։
Կրոնի ազատությունն ինքնին ենթադրում է նաև կրոնը, համոզմունքը փոխելու ազատություն։ Կրոնի ազատության իրավական բովանդակությունը պետություն-անհատ հարաբերություններն են։ Կրոնի ազատությունն ունի երկու չափողականություն՝
1․ Forum interno (մարդու ներաշխարհը). կրոնական համոզմունքների ամբողջ համակարգի և դրա կոնկրետ ասպեկտների նկատմամբ անհատի ներքին վերաբերմունքը։ Սա մի տարածք է, որտեղ պետությունը միջամտելու իշխանություն չունի՝ ո՛չ նորմատիվ, ո՛չ էլ փաստացի իմաստով։
2․ Forum externo. անձի կոնկրետ կրոնական համոզմունքները, պաշտամունքը, ծիսական և այլ արարողությունները, քարոզը և աղոթքը միանձնյա կամ այլոց հետ համատեղ հրապարակային կամ փակ միջավայրում իրականացնելը։ Պետությունը կարող է միջամտել կրոնի ազատության այս դրսևորումներին՝ Սահմանադրությամբ նախատեսված նպատակներին և պայմաններին համապատասխան։
Կրոնի ազատությանը ուղղակիորեն վերաբերում են ՀՀ Սահմանադրության 17-րդ, 18-րդ և 41-րդ հոդվածներն են։ Առաջին երկուսով նախատեսված է պետության և իրավունքի առջև կրոնական կազմակերպությունների հավասարության սկզբունքը․ 18-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ հատուկ վերաբերմունքը չի կարող վերաճել այդ իրավահավասարության որևէ խախտման։ Այս հոդվածները սահմանադրական կարգի հիմունքներին են վերաբերում, իսկ 41-րդ հոդվածն արդեն կրոնի ազատությունը սահմանել է որպես անհատական իրավունք։