Անձը պետք է հնարավորություն ունենա ազատ, առանց մտավախության արտահայտելու իր կարծիքը տարբեր երևույթների վերաբերյալ, այդ թվում` իր անհամաձայնությունը, քննադատությունը կամ մտահոգությունները իշխանությունների գործողությունների կամ անգործության վերաբերյալ։
Արտահայտվելու ազատության իրավունքը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, այլև ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչը: Կարելի է ասել, որ չկա ժողովրդավարություն առանց արտահայտվելու ազատության։
«Արտահայտվելու ազատությունը… կիրառելի է ոչ միայն այն տեղեկությունների կամ գաղափարների նկատմամբ, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ դիտարկվում են անվտանգ կամ չեզոք, այլ նաև նրանց, որոնք վրդովեցնում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում։ Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ սրանք են բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջները, առանց որոնց չի կարող լինել ժողովրդավարական հասարակություն» (մեջբերում Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով կայացված ՄԻԵԴ վճռից)։
Արտահայտվելու ազատությունը կարող է ենթակա լինել որոշակի սահմանափակումների, սակայն հատկապես երկու բնագավառներում սահմանափակումների կիրառման հայեցողությունը շատ նեղ է. դա քաղաքական խոսքն է և հանրային շահին առնչվող, հանրային նշանակության հարցերի քննարկումը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը առանձնահատուկ կարևորություն է տալիս ԶԼՄ-ների դերին։ Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց, որ լրատվամիջոցների դերը հանրային հսկիչ լինելն է: Հաշվի առնելով ԶԼՄ-ների էական ներդրումը ժողովրդավարական հասարակությունում՝ արդարացված է համարվում նաև որոշակի աստիճանի չափազանցության և սադրանքի դիմելու հնարավորությունը լրագրողական ազատության շրջանակներում։
«Քննադատության ընդունելի շրջանակները քաղաքական գործիչների նկատմամբ… ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ: Ի տարբերություն վերջիններիս` քաղաքական գործիչները անխուսափելիորեն և գիտակցաբար բաց են իրենց յուրաքանչյուր խոսքի և արարքի մանրակրկիտ քննարկման համար ինչպես լրագրողների, այնպես էլ լայն հանրության կողմից և, հետևաբար, պետք է դրսևորեն հանդուրժողականության առավել բարձր աստիճան» (մեջբերում Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով կայացված ՄԻԵԴ վճռից): ՄԻԵԴ-ը շեշտել է նաև, որ կառավարությունը պետք է դրսևորի անգամ ավելի բարձր աստիճանի հանդուրժողականություն քննադատության նկատմամբ, քան քաղաքական գործիչները: