Play Video
Հավաքների և միավորման ազատություն | Գենյա Պետրոսյան

Հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական, բազմակարծության վրա հիմնված հասարակության կարևոր հիմնասյուներից մեկն է։ Հավաքների ազատության իրավունքը հնարավորություն է տալիս անձին այլոց հետ միասին իրացնելու իր արտահայտման ազատությունը, բարձրաձայնելու մտահոգություններ,  իշխանություններից պահանջելու հաշվետվողականություն, մասնակցելու հանրային կարևորության հարցերի քննարկմանը, լսելի դարձնելու այլընտրանքային գաղափարներ, բարձրաձայնելու մարդու իրավունքների խախտումներ, կոռուպցիայի դրսևորումներ և այլ խնդիրներ։ Այսինքն՝ այս իրավունքի իրացումը հանդիսանում է նաև մասնակցային ու հաշվետու կառավարման երաշխիք և մարդու այլ իրավունքների իրացման ու պաշտպանության կարևոր խողովակ։

Հավաքների ազատության իրավունքը ճանաչված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայով, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրով։ ՀՀ Սահմանադրության մակարդակով երաշխավորված է ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկման պահանջի բացառումը: Մարդու իրավունքների կոմիտեն Դաշնագրի 21-րդ հոդվածը մեկնաբանելիս արձանագրում է, որ պաշտպանության ենթակա են խաղաղ բնույթի բոլոր հավաքները՝ անկախ նրանից, թե դրանք տեղի են ունենում դրսում, ներսում, թե օնլայն հարթակում, հանրային թե մասնավոր տարածքներում։

Կարևոր է նաև հասկանալ, որ ցանկացած հավաք հանրային վայրում կարող է առաջացնել բնականոն կյանքի, տրանսպորտի կամ հետիոտնի երթևեկության որոշակի խոչընդոտում, հասարակական անդորրի խախտում, սակայն սա բնականաբար չի զրկում հավաքը խաղաղ բնույթից։ Բացի այդ, այլ մասնակիցների կողմից բռնության դրսևորման եզակի դեպքերը չպետք է հանգեցնեն մյուս մասնակիցների հավաքի ազատության իրավունքի խախտմանը․ նման դեպքերում ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի համապատասխան անձանց մեկուսացնելու և խաղաղ հավաքի իրականացմանը աջակցելու ուղղությամբ:

Հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը կարող է իրականացվել միայն խիստ որոշակի և սպառիչ հիմքերի առկայության պարագայում։

Դիտեք նաև՝

Search