Play Video
Ընտանեկան բռնությունը և կանանց նկատմամբ բռնությունը որպես մարդու իրավունքների խախտում | Դավիթ Խաչատուրյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընտանեկան բռնությունը և կանանց նկատմամբ բռնությունը մշտապես դիտարկել է Կոնվենցիայի չորս իրավունքների տեսանկյունից` կյանքի իրավունք, խոշտանգման և այլ վատ վերաբերմունքի արգելք, մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք և խտրականության արգելք: Ընտանեկան բռնության դեպքում զոհի և բռնարարի միջև գոյութուն ունեն որոշակի մասնավոր բնույթի հարաբերություններ, որից բխում են նման բռնության և դրա հետ կապված` պետության պարտավորությունների առանձնահատկությունները:

Նախ, բռնությունը մշտապես զարգանում է սպիրալաձև. տեղի է ունենում հոգեբանական հարկադրանք, այնուհետև` ֆիզիկական հարկադրանքի ոչ ծանր դրսևորումներ, հետագայում անպատժելիությունը հանգեցնում է ֆիզիկական հարկադրանքի ծանր դրսևորումների` ընդհուպ մինչև սպանության: Այս առումով` պետության համար շատ բարդ է ապացուցել, որ տեղյակ չի եղել շարունակաբար իրականացվող բռնության մասին. առաջին առանձնահատկությունը պետության` կանխման և պատշաճ ջանասիրություն դրսևորելու պարտավորությունն է:

ՀՀ-ում 2017 թվականին ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որի 7-րդ և 8-րդ հոդվածները սահմանում են այն քայլերը, որ պետությունը կարող է ձեռնարկել, որպեսզի հոգեբանական հարկադրանքը, նվազ ծանր ֆիզիկական հարկադրանքը հետագայում չվերածվեն ծանր դրսևորումների: Մասնավորապես` անհետաձգելի միջամտության որոշումները, որոնք ոստիկանության աշխատակցի կողմից կարող են կիրառվել մինչև 20 օր տևողությամբ. դրանցից են բռնություն գործադրած անձին բռնության ենթարկվածի բնակության տարածքից անհապաղ հեռանալուն հարկադրելը, արգելելը որոշակի հեռավորությունից ավելի մոտենալ բռնության ենթարկվածին և այլն:

Բացի այդ, դատարանը կարող է կայացնել պաշտպանական որոշումներ և նախատեսել այլ միջոցներ` ընդհուպ մինչև ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելուն հարկադրանքը: Պետությունը պետք է նաև բավարար միջոցներ ձեռնարկի, որ այս որոշումները հարգվեն համապատասխան անձանց կողմից և չանտեսվեն. ՀՀ քրեական օրենսգրքով այս որոշումների պահանջների չկատարումը նախատեսված է որպես հանցագործություն, սակայն գործնականում պատիժները բավարար զսպող չեն:

Երկրորդ առանձնահատկությունը վերաբերում է անկախ, արդյունավետ քննության ապահովման պոզիտիվ պարտավորությանը, որը բավարար չափով արձագանք է ստացել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում: Ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության գրեթե բոլոր դեպքերում տուժողը անձնական, նյութական և այլ կախվածության մեջ է գտնվում բռնարարից, ինչը նրան ավելի խոցելի է դարձնում: Այս առումով շատ կարևոր է «Օփուզն ընդդեմ Թուրքիայի» գործը, որի շրջանակներում ՄԻԵԴ-ն այս գործերով քրեական արդարադատության նկատմամբ դրսևորել է զոհակենտրոն մոտեցում` նշելով, որ մեղադրյալի իրավունքները երբևէ չեն կարող գերակայել զոհի իրավունքների նկատմամբ, և պետության վրա ռիսկերը և տուժողի համար վերահաս կամ ռեալ վտանգի առկայությունը գնահատելու պարտավորություն դնելով: Այն դեպքերում, երբ տուժողը հետ է վերցնում իր բողոքը, դատախազությունը` որպես նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին, պարտավոր է գնահատել, թե որոնք են այն շարժառիթները, որոնք մղել են տուժողին իր հաղորդումը հետ վերցնելուն, և արդյոք տուժողի ընտրությունը եղել է կամովին, թե ոչ:

Դիտեք նաև՝

Search