Play Video

Գործող սահմանադրության մեջ կա այսպիսի մի դրույթ. «Ոչ ոք պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, և չփարատված բոլոր կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի»: Սահմանադրության նախագծով նախատեսված է, որ այս դրույթները պետք է դուրս գան, այսինքն անմեղության կանխավարկածի երեք հիմնասյուներից երկուսը նախատեսված է վերացնել…

Գործող սահմանադրությամբ սահմանված է, որ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են: Այսինքն մարդու դեմ չի կարելի օգտագործել օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ: Սահմանադրության նախագծում այս իրավունքը զգալիորեն կրճատվում է, ինչը նշանակում է, որ կարող է օրենքի խախտում տեղի ունենալ ապացույց ձեռք բերելիս, բայց այդ ապացույցներն օգտագործվեն որոշակի դեպքերում:

Վերոնշյալ երկու դրույթները կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Կարևոր է նշել, որ անմեղության կանխավարկածը, անթույլատրելի ապացույցների օգտագործման արգելքը ոչ թե հանցագործների երաշխիքներն են, այլ հենց անմեղ մարդկանց…

Այս նախագծով դատական իշխանության ներկա խնդիրները լուծված չեն: Այսօր մեր դատական համակարգը ունի տարօրինակ կառուցվածք և անարդյունավետ վճռաբեկ դատարան: Այս խնդիրները, որոնք նախատեսված էին լուծել, չեն ստացել իրենց լուծումը: Այսօր կա մի տարօրինակ իրավիճակ, երբ սահմանադրությամբ ունենք վերաքննիչ դատարան, որն օրենքով նախատեսված վճռաբեկություն է իրականացնում: Սա աբսուրդ է, որը սահմանադրության նախագծում չի լուծվել, թեև հայտարարագրված էր դեռ այն ժամանակ, երբ հայեցակարգն էին մշակում:

Հայեցակարգով նաև նախատեսված էր, որ բացվելու է հնարավորությունը երդվյալ ատենակալների դատարանի: Այս խնդիրը ևս լուծված չի: Այսինքն, բոլոր այն դրական տեղաշարժերը, որոնք նախապես ակնկալվում էին հայեցակարգը քննարկելիս, տեղի չեն ունեցել, փոխարենը ազատությունների և իրավունքների զգալի սահմանափակում կա: Ավելացնենք, որ եթե մինչ այսօր գործող սահմանադրության ցանկացած փոփոխություն պիտի տեղի ունենա հանրաքվեի միջոցով՝ հարցնելով մեր բոլորի կարծիքը, ապա այս նախագծով նախատեսված է, որ այլևս մեր կարծիքը չեն հարցնելու սահմանադրության գերակշիռ մասի փոփոխությունների դեպքում: Այսինքն մեզ առաջարկում են քվեարկել այն բանի օգտին, որ այսուհետ մեր կարծիքը ոչ ոք չի էլ հարցնելու…

Դիտեք նաև՝

Search