Միայն պառլամենտական համակարգն է ապահովում իշխանության տարանջատումը, որ է՝ դատական համակարգի տարանջատումը գործադիր իշխանությունից, որն էլ իրավական պետության հիմքն է: Այս տեսակետից Հայաստանում կատարվող փոփոխությունները արդյո՞ք իրապես պառլամենտական համակարգի անցում են…
Որպես օրինակ՝ Խորհրդային միությունը համարվում էր Գերագույն խորհուրդ, խորհրդային, այսինքն՝ խորհուրդներ ստեղծող, այսինքն Խորհրդային միությունը պառլամենտական պետություն էր հռչակված, բայց իրականում կար 6-րդ հորդված, որն այդ ամենը ի չիք էր դարձնում՝ դարձնելով պսևդոպառլամենտական պետություն, քանի որ կոմունիստական կուսակցության գերիշխող դերը կար, և իրականում ոչ թե Գերագույն խորհուրդն էր իշխում, այլ կոմկուսը՝ քաղբյուրոն…
Մեխը այս սահմանադրական նախագծի 89-րդ հոդվածն է, որը նախատեսում է կայուն մեծամասնություն ստեղծել ամեն գնով: Այդ կայուն մեծամասնությունը եթե առաջին փուլով չի լինում, ապա լինում է երկրորդ փուլով: Այստեղ իմ՝ ընտրողի իրավունքն է խախտվում: Ինչո՞ւ: Որովհետև, ենթադրենք, ես տվել եմ իմ ձայնը Ա կուսակցությանը, որը հավաքել է 20%, երկրորդ փուլի արդյունքում, երբ առաջին և երկրորդ տեղերում ավելի շատ ձայներ հավաքածները հավաքում են ավելի շատ ձայներ, իմ տված ձայնը, որը բավականին ազդեցիկ կարող էր լինել 20%-ի մեջ, 20%-ը կարող է իջնել մինչև 5 կամ 3%-ի: Բացի այս, ասում են՝ կայուն մեծամասնությունը լինելու է 53%-ը, բայց այն կարող է դառնալ 60%-ը (Հանրապետական կուսակցությունն այսօր հենց այդքան՝ 60% ունի): Սա ամենակարևոր խնդիրն է, քանի որ, փաստորեն, մենաշնորհային հարց է դառնալու, և պառլամենտական այսպիսի պետություն գոյություն չունի, որտեղ այսպիսի երկրորդ փուլ լինի…
Այս սահմանադրության «Դատական իշխանություն» գլխում կարծես թե ամեն ինչ նորմալ է. բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից որակյալ (ոչ բացարձակ) մեծամասնությամբ, ճիշտ նույն կերպ վճռաբեկ դատարանի անդամները ընտրվում են որակյալ մեծամասնությամբ Ազգային ժողովի կողմից: Որակյալ մեծամասնություն ասելով՝ նկատի ունեն 3/5 մասը, որը տոկոսային հարաբերությամբ 60%-ն է: Իսկ 89-րդ հոդվածը երաշխավորում է 60%-ը, այսինքն կայուն մեծամասնությունը և որակյալ մեծամասնությունը տվյալ դեպքում դառնում են նույնը: Եվ, փաստորեն, կայուն մեծամասնություն, որ նույնն է՝ որակյալ մեծամասնություն ունեցող նույն կուսակցությունը, որ Հայաստանի դեպքում ՀՀԿ-ն է, ձևավորում է դատական իշխանությունը: Դատարանը մնում է կախված կուսակցությունից…