Սահմանադրության նախագծի 31-րդ հոդվածում, որը վերաբերում է մարդու մասնավոր կյանքին և որտեղ սահմանվում է, որ պետությունը խիստ անհրաժեշտ դեպքերում կոնվենցիայով պետք է միջամտություն իրականացնի անձի մասնավոր ընտանեկան կյանքի իրավունքի իրացման գործընթացում, գործող նախագիծն առաջարկում է մասնավոր կյանքի գաղտնիության սահմանափակումները վերացնելու հետևյալ հիմքերը. դա կարող է տեղի ունենալ, երբ դա անհրաժեշտ է պետության անվտանգության, ազգային անվտանգության պաշտպանության, այլոց իրավունքների և ազատությունների բարոյականության և նաև, օրինակ, երկրի տնտեսական բարեկեցությունն ապահովելու համար: Սա նոր մոտեցում է: Գործող սահմանադրությամբ մենք «երկրի տնտեսական բարեկեցություն» հասկացությունը չունենք, նման հասկացություն չունենք նաև եվրոպական կոնվենցիայով սահմանված համապատասխան սահմանափակում նախատեսող հատվածում, ինչպես նաև եվրոպական դատարանի նախադեպերում: Անհանգստացնող է այն, որ հետագայում, օրինակ, պետության կողմից ցանկացած դեպք կարող է մեկնաբանվել որպես պետության տնտեսական բարեկեցության համար անհրաժեշտ հիմք և այդ հիմքով անձի անձնական կյանքի իրավունքի ոչ իրավաչափ միջամտություն կարող է իրականացվել:
Նույն հիմքը նախատեսված է նաև առաջարկվող նախագծի 42-րդ հոդվածում, որտեղ ևս անձի ազատ կարծիքի արտահայտման իրավունքի սահմանափակման համար որպես հիմք ներկայացված են նաև վերոնշյալ հիմքերը, օրինակ՝ պետական անվտանգության ապահովման, այլոց իրավունքների պաշտպանության, հասարակական բարոյականության պաշտպանության, ինչպես նաև երկրի տնտեսական բարեկեցության պաշտպանության նպատակով: Այստեղ նույնպես նույն մտահոգությունն արդիական է, քանի որ վերացական կարգով ներկայացված արտահայտությունը կարող է ավելի նյութական, առարկայական դրսևորում ստանալ պետության կողմից տարաբնույթ մեկնաբանությունների արդյունքում: Մեր ազատ արտահայտվելու իրավունքի միջամտությունը վաղը կարող է բացատրվել նրանով, որ դա անհրաժեշտ է եղել մեր երկրի տնտեսական բարեկեցությունն ապահովելու համար…