Եթե արդեն որոշել եք նախաձեռնել որևէ տնտեսական գործունեություն, շատ կարևոր է պատկերացնել, թե ինչպիսի ընկերություն եք պատկերացնում, ինչպիսի ծառայություն եք մատուցելու կամ ինչպիսի ապրանքներ պետք է արտադրի կամ վաճառի։ Կարևոր է ձեր գլխում ունենալ այդ պատկերը, հետո արդեն պլանավորել այն քայլերը, որոնք կբերեն ձեր ընկերության հաջողության։
Ձեռնարկատիրական փորձ սկսելուց առաջ լավ կլինի, որ դուք ունենաք փորձ որևէ մեծ կազմակերպությունում, որը ձեզ հնարավորություն կտա սովորել ուրիշների սխալների վրա։ Իհարկե այստեղ կա այդ հորձանուտում խորտակվելու ռիսկ, քանի որ մեծ կորպորացիաները սպանում են մարդու մեջ նախաձեռնողականությունը։ Պետք է միշտ ինքդ քեզ ասես, որ դու այստեղ ժամանակավոր ես ու սովորում ես։
Այստեղ կարևոր է, որ դուք գիտակցեք․ դուք ձեր բիզնեսը սկսելիս մրցակցելու եք հենց նմանատիպ կազմակերպությունների հետ, և աշխատելով նման կորպորացիաներում՝ կտեսնեք այն թերությունները, որոնք կարող եք հետո օգտագործել ձեր օգտին։
Պետք է հասկանաք, թե ինչ է առաջարկում ձեր ընկերությունը։ Միշտ ձեզ հարցրեք, թե ինչու պետք է հաճախորդը գա ինձ մոտ, այլ ոչ թե մրցակցի մոտ։ Ու եթե դուք մի քանի անգամ ձեզ տալիս եք այս հարցը ու չեք գտնում պատասխան, ուրեմն ձեր բիզնեսը խնդիր ունի։ Բիզնեսը հաջողակ է, եթե հաճախորդը վերադառնում է։
Որպես սկսնակ բիզնես՝ ուշադիր եղեք հաճախորդների կարծիքներին։ Նորարարության դեպքում դուք տրամադրում եք հաճախորդներին բոլորովին նոր արտադրանք։ Բայց պետք չէ ասել, որ մենք ավելի լավ գիտենք, քան հաճախորդը, անհրաժեշտ է լսել նրան․ գուցե պետք լինի ավելի կատարելագործել ձեր արտադրանքը։ Հաճախորդներին սարսափելի դուր է գալիս, երբ իրենց տված կարծիքի հիման վրա ինչ-որ բան է փոխվում։
Երբ նախաձեռնությունը հաջողվում է, դա ձեզ բերում է ոչ միայն ֆինանսական բավարարվածություն, այլ նաև հոգևոր, այնպես որ ստեղծեք նոր բազմաթիվ ընկերություններ՝ կիրառելով այս հմտությունները։
Դասընթացաշարը կազմակերպվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (2018-2020թթ․), որը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: